Cryptocurrency Prices by Coinlib

Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում. Արթուր Դավթյան

d5b4d5a1d680d5b4d5b6d5a1d5b4d5a1d680d5a6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6 d5a1d5b5d5b6 d5b4d5a1d680d5a6d5a1d5b1d687d5b6 d5a7 d5b8d680 60882df36fd5a

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կունենա միայն մեկ մարմնամարզիկ: Այդ մեկը` Արթուր Դավթյանն է: Նա օլիմպիական հավաքականի հնաբնակներից է: Նրա համար Տոկիոյի խաղերը կլինեն երրորդը` Լոնդոն-2012, Ռիո-2016: Դավթյանն այն մարզիկներից է, ով հավակնոտությամբ է մեկնելու Տոկիո: Արթուրի առաջնային գործիքը հենացատկն է: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք նրան: Հայաստանի մարմնամարզության հավաքականն այն բացառիկ թիմերից է, որն ունեցած պայմանները հաշվի առնելով` ամեն անգամ գերազանցում է ինքն իրեն: Հավաքականի թիմի հիմնասյուներից մեկը թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է, ով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կլինի մրցավարական կազմում:

-Արթուր, պատմեք խնդրեմ, թե ե՞րբ առաջին անգամ մուտք գործեցիք մարմնամարզության մարզադահլիճ: Ե՞րբ սկսվեց այս ճանապարհը:

-5 տարեկան էի, երբ ծնողներս ինձ առաջին անգամ բերեցին մարմնամարզության: Երբ փոքր էի, չէի ուզում մարզվել, ցանկություն չկար հաճախելու մարմնամարզության: Ինչ ինձ հիշում եմ, լացելով եմ եկել մարզումներին: Երեխա ժամանակ շատ ճարպիկ էի, շարժուն: Ընտանիքում չկա մեկն, ով զբաղվել է մարմնամարզությամբ, սակայն հայրս մարզասեր է:

-Ի՞նչ կարևորություն ունի մարզիկի համար Օլիմպիական խաղերի մասնակցությունը: 

-Բոլոր մարզիկների համար Օլիմպիական խաղերին մասնակցելը երազանք է: Մասնակցությունն ինքնին արդեն մեծ բարդությունների հետ է կապված` դժվար է վարկանիշ նվաճելը: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցում ես այն դեպքում, երբ հավաքականի կազմում ես:

-Արթուր, սա ձեր երրորդ Օլիմպիական խաղերն են: Արդյո՞ք հասունացել է պահը մեդալ նվաճելու:

-Այս Օլիմպիական խաղերին ես այլ կերպ եմ նախապատրաստվելու: Առավել լուրջ, առավել կենտրոնացած: Հիմա ավելի բարձր եմ գնահատում շանսերս, քան 2012 և 2016 թվականներին: 2012 երիտասարդ էի, անփորձ, և վարժություններս չունեին այն բարդությունը, ինչ կա այժմ: Ռիո դե Ժանեյրոյի խաղերին վատ կատարեցի երկրորդ ցատկս: Բայց այնտեղ ունեի հնարավորություն եզրափակիչ դուրս գալու: Իմ վարժության դժվարությունն այն է, որ թռիչքից հետո կարողանամ նորմալ կանգնել և քայլ չանել, եթե անգամ անում ես, հնարավորինս փոքր քայլ: Իմ նախնական վարժությունը ինքին շատ բարդ է: Ամեն ինչ հնարավոր է: Մարմնամարզությունում ամենափոքր քայլն անգամ առաջին տեղից կարող է գցել չորրորդ տեղ:

-Ինչ է ձեր մտքին գալիս, երբ լսում եք Տոկիո-2020 բառերը:

-Այն, որ խաղերը մեկ տարի հետաձգվեց: Համաճարակն է գալիս մտքիս: Բայց ինձ համար այս հետաձգումը դրական էր, քանի որ անցած տարի վնասվածք ունեի և շատ երկար ժամանակ բուժում ստացա: Հիմա վերականգնվել եմ, բուժվել: Հիմա կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա, ուզում եմ ուժերս լավ բաշխեմ: Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում: Քո գործիքը սխալ թույլ տալ չի կարող, սա պայքար է քո հետ:

-Մարմնամարզիկների «կյանքը» երկար չէ: Որտե՞ղ եք ձեզ տեսնում 10 տարի անց:

-Կարծում եմ չեմ լինի գործող մարմնամարզիկ: Սակայն դեռևս չեմ մտածում այդ մասին, գուցե մարզիչ կաշխատեմ: Տեսնենք ինչպես կդասավորվի ամեն ինչ:

-Ո՞րն եք համարում ձեր ուժեղ կողմը որպես մարդ:

-Համբերատարությունը, որը շատ եմ կարևորում հատկապես մեր մարզաձևում:

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Ասելիք գուցե շատ ունենայի, բայց նախ խաղաղություն կխնդրեի ամբողջ աշխարհի համար:

-Ինչպե՞ս կուզեիք, որ ձեզ հիշեին մարմնամարզությունում: 

-Կցանկանայի, որ կրտսեր սերունդը ինչ-որ բան սովորեր ինձնից, որ նրանք առավել կատարելագործված մարզիկներ դառնային: Ավելի ուժեղ, քան մենք ենք:

-Եվ մի քանի բլից հարցեր: Թոմը, թե Ջերին:

-Ջերին:

-Պաղպաղակ, թե Պիցցա:

-Պաղպաղակ:

-Գիրք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Սուրճ, թե թեյ:

-Թեյ:

-Ազարյան, թե Շահինյան:

-Ազարյան, բայց երկուսն էլ լեգենդ են:

-Դոլմա, թե խորոված:

-Խորոված:

-Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Նախագծի հեղինակ Վարվառա Հայրապետյան