Cryptocurrency Prices by Coinlib

Սուպերլիգան պաշտոնապես ստեղծված է․ ինչի՞ համար, ո՞ւմ փողերով, ինչո՞ւ հիմա

d5bdd5b8d682d5bad5a5d680d5acd5abd5a3d5a1d5b6 d5bad5a1d5b7d5bfd5b8d5b6d5a1d5bad5a5d5bd d5bdd5bfd5a5d5b2d5aed5bed5a1d5ae d5a7e280a4 d5ab 607da25a3556c

Պաշտոնապես հայտարարվել է ֆուտբոլի նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին

«Տասներկու առաջատար եվրոպական թիմեր այսօր համատեղ պայմանավորվել են ստեղծել նոր մրցաշար` Եվրոպական Սուպերլիգա: Խաղերը կանցկացվեն շաբաթվա կեսին, իսկ մրցաշարն իրականացնում են հիմնադիր ակումբները:

«Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենթուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Տոտենհեմը» կմիանան Սուպերլիգային ՝ որպես հիմնադիր ակումբներ: Առաջին մրցաշրջանի մեկնարկից առաջ նրանց կմիանան ևս երեք թիմեր։ Առաջին մրցաշրջանը  կսկսվի, երբ դա հնարավոր լինի:

Հիմնադիր ակումբները նախատեսում են քննարկել ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ համատեղ համագործակցությունը` ինչպես նոր մրցաշարի, այնպես էլ՝ առհասարակ ֆուտբոլի լավագույն հեռանկարներն ապահովելու համար:

Սուպերլիգայի ձևավորումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ համաճարակն արագացրեց եվրոպական ֆուտբոլում տնտեսական մոդելի անկայունությունը: Բացի այդ, հիմնադիր ակումբները մի քանի տարի նպատակ են հետապնդում բարելավել առկա եվրոպական մրցակցության որակը և խտությունը յուրաքանչյուր մրցաշրջանում և ստեղծել ձևաչափ, որում բարձրակարգ թիմերն ու ֆուտբոլիստները կանոնավոր կերպով մրցում են միմյանց դեմ:

Համաճարակը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ռազմավարական տեսլական և առողջ գործարար մոտեցում` արժեք ավելացնելու և եվրոպական ֆուտբոլի ամբողջ բուրգի շահերը սատարելու համար:

Վերջին ամիսներին բարձրակարգ ֆուտբոլիստներն ակտիվորեն քննարկում էին եվրոպական մրցումների ապագա ձևաչափերը:

Հիմնադիր ակումբները կարծում են, որ այս քննարկումներից առաջարկվող լուծումները չեն լուծելու հիմնական խնդիրները, այդ թվում` ֆուտբոլային բուրգի համար ամենաբարձր մակարդակի խաղերի և լրացուցիչ ֆինանսական միջոցների անցկացման անհրաժեշտությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ի՞նչ է պատահել

12 ակումբներ հայտարարել են Սուպեր լիգայի ստեղծման մասին: Լավագույնները չեն ցանկանում իրենց եկամուտը կիսել աղքատ թիմերի և ՈՒԵՖԱ-ի հետ:

ՈւԵՖԱ-ն արդեն պատասխանել է, որ նոր մրցաշար մուտք գործող ակումբներին կարգելվի մասնակցել բոլոր ներքին և միջազգային մրցումներին, և խաղացողները չեն կարողանա խաղալ ազգային հավաքականներում:

Ո՞վ է նախաձեռնողը

Ֆլորենտինո Պերեսը և Անդրեա Անյելին: Երկրորդը հանդես է գալիս ոչ միայն՝ որպես «Յուվենթուսի» նախագահ, այլև՝ որպես Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար, որը ներկայացնում է 246 ֆուտբոլային ակումբների շահերը: Այս պաշտոնից, ի դեպ, նա արդեն հրաժարվել է։  Մադրիդի «Ռեալի» ղեկավարը դարձել է նոր մրցաշարի նախագահ, նրա փոխարինողներն են Ջոել Գլեյզերը («Մանչեսթեր Յունայթեդ») և Անյելին:

Մադրիդի «Ռեալի» նախագահն այնքան համոզիչ էր, որ նույնիսկ Խոսեպ Բարտոմեուն, ըստ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի, ենթարկվեց նրա  ազդեցությանը.

«Կարծում եմ ՝ Բարտոմեուի ռեժիսորը Ֆլորենտինո Պերեսն էր: Այս լիգայի ստեղծումը միշտ եղել է Մադրիդի «Ռեալի» նախագահի երազանքը: Նա երկար ժամանակ աշխատում էր դրա վրա, այնպես որ, դա նորություն չէ: Նախկինում «Բարսելոնան» ուներ իր սեփական կարծիքը, երբ աշխատում էր Լա Լիգայի, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ: Բայց վերջին երեք տարիներին նա միայն կրկնում է «Ռեալի»  հետևից»։

«Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտեն էլ միշտ կողմ է ամեն ինչին, որ մեծ եկամուտ կբերի ակումբին։

Ո՞վ է հովանավորը

Հայտնի է, որ գլխավոր հովանավորը՝ JP Morgan հսկա բանկը, պատրաստ է 4,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդնել լիգայում: Բանկն ինքն ակնկալում է վերադարձնել այս գումարը՝ հեռարձակման իրավունքի վաճառքից ստացված եկամուտներից:

Սուպերլիգային աջակցում է նաև Key Capital Partners ընկերությունը՝ ստարտափեր և երիտասարդ նախագծեր ստեղծող ընկերություն: KCP-ն հաստատ իր սեփական փողը չի ունենա (2007 թվականից ի վեր 100 միլիոն ֆունտ է ներդրել), բայց ընկերությունը կարող է ներգրավել նոր հովանավորների:

Ըստ Corriere dello Sport- ի՝ DAZN- ը պատրաստ է վճարել 3.5 միլիարդ եվրո հեռուստատեսային իրավունքների համար: Ճիշտ է, ինքը՝ հեռարձակողը, արդեն հերքել է դա (Reuters):

15 հիմնադիր ակումբներ զարգացման համար կստանան 3,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (գումարները՝ 89 միլիոնից մինչև 310 միլիոն): Գումարը կարող է ծախսվել մարզադաշտեր, մարզումային հաստատություններ կամ Covid-19-ի պատճառով դատարկ մարզադաշտերի հետ կապված կորուստները վերականգնելու համար:

Ո՞րն է լինելու ձևաչափը

Ստեղծողների ծրագրի համաձայն, Սուպերլիգայում պետք է լինի 20 ակումբ` 10-ական թիմերից բաղկացած երկու խումբ: Խմբում բոլորը խաղում են յուրաքանչյուրի հետ երկու փուլով, այսինքն՝ յուրաքանչյուր մասնակից երաշխավորված է անցկացնել 18 հանդիպում. Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափով` ընդամենը 10: Նրանք նախատեսում են սկսել օգոստոսին:

Խաղերը տեղի կունենան շաբաթվա կեսին (Չեմպիոնների լիգայի փոխարեն), ուստի թիմերը կկարողանան խաղալ իրենց առաջնություններում, եթե դա թույլատրվի ՈւԵՖԱ-ի կողմից:

Լավագույն թիմերից երեքը դուրս են գալիս խմբից, իսկ չորրորդն ու հինգերորդը փլեյ-օֆֆում երկու հանդիպում են անցկացնում: Քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կանցկացվեն երկու խաղում, իսկ եզրափակիչը կանցկացվի մայիսի վերջին՝ մեկ հանդիպում չեզոք խաղադաշտում:

Սուպերլիգայի ձևաչափին հարմարվելուց հետո կազմակերպիչները նույն սկզբունքով գործարկելու են կանանց մրցաշարը։

Ո՞վ է միացել նախագծին

12 ակումբներ ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», « Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Չելսի», «Տոտենհեմ», «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», «Ինտեր», «Միլան» և «Յուվենթուս»:

Եվս 3 կազմակերպիչ ակումբների մասին կհայտարարվի առաջիկայում։

Ովքե՞ր են հրաժարվել

Արդեն հաստատ հայտնի է, որ Դորտմունդի «Բորուսիան», «Բավարիան» ու ՊՍԺ-ն չեն աջակցել գաղափարին: Athletic-ը և The New York Times-ը գրում են, որ գերմանական թիմերը չէին ցանկանում հրաժարվել ծանոթ մրցումներից:

Բայց ՊՍԺ-ի հետ ամեն ինչ ավելի բարդ է: Նախ, փարիզցիները կարծում են, որ մասնակցությունը չպետք է սահմանափակվի միայն ամենահարուստ ակումբներով: Երկրորդ, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ՈւԵՖԱ-ի տնօրենների խորհրդի անդամ է և ղեկավարում է beIN Media Group-ը՝ Կատարի հեռարձակողը միլիոնավոր դոլարներ է վճարել ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայի խաղերը հեռարձակելու իրավունքի համար:

Ինչո՞ւ հիմա

Սկզբնապես ենթադրվում էր, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը պետք է ներկայացվեր մարտի վերջին, սակայն մինչև պահանջվող ամսաթիվը ՈւԵՖԱ-ն չէր համաձայնում Եվրոպական ակումբների ասոցիացիայի հետ: Հայտարարությունից մեկ օր առաջ, ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցումների հանձնաժողովի նիստում, ECA-ի (կոմիտեի կազմում ընդգրկված են 17 ակումբներ) ներկայացուցիչներն ասացին, որ ասոցիացիան դեռ ներքին պայմանավորվածություն չի ունեցել բոլոր հարցերի շուրջ: Թոփ ակումբների հիմնական գանգատը՝ նրանք ցանկանում են ավելի մեծ ուժ և հնարավորություն՝ ակտիվորեն մասնակցելու առևտրային և հեռարձակման իրավունքների տնօրինմանը:

Athletic-ը գրել է, որ ՈւԵՖԱ-ն պատրաստ է որոշակի վերահսկողություն զիջել ակումբներին, բայց ցանկանում է պահպանել վետոն առանցքային որոշումների վրա և ստանալ եկամտի երաշխիք:

Ի՞նչ կլինի ՈՒԵՖԱ-ի և եվրագավաթների հետ

ՈւԵՖԱ-ն, Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի ֆեդերացիաներն ու լիգաներն արդեն համատեղ հայտարարություն են տարածել՝ հեղափոխականներին դժվարություններ են սպասվում:

«Վերոնշյալ իշխանությունները, ինչպես նաև ՖԻՖԱ-ն և մեր անդամ բոլոր ասոցիացիաները միասնական կլինեն այս ցինիկ նախագիծը կասեցնելու մեր ջանքերում,- ասված է հայտարարության մեջ,- Մենք կքննարկենք բոլոր մակարդակներում՝ դատական ​​և մարզական, մեզ համար մատչելի բոլոր միջոցառումները, որպեսզի դա տեղի չունենա:

Համապատասխան ակումբներին արգելվելու է խաղալ ցանկացած այլ մրցույթում՝ ազգային, եվրոպական կամ համաշխարհային մակարդակում, և նրանց խաղացողները կարող են զրկվել իրենց ազգային հավաքականները ներկայացնելու հնարավորությունից»:

Sky Sport Italia-ն հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է որակազրկել յուրաքանչյուր ակումբի և յուրաքանչյուր խաղացողի, ովքեր կմասնակցեն Սուպերլիգային: Ավելին, ՈՒԵՖԱ-ն ակումբներից յուրաքանչյուրի դեմ հայց կներկայացնի՝ 50-60 միլիարդ եվրոյի դիմաց:

Առաջիկայում սպասվում են շատ նորություններ և հեղափոխական լուծումներ ֆուտբոլում։ Ինչքանո՞վ դա օգտակար կամ հաջողակ կլինի, կպարզվի միայն տարիների ընթացքում։ Բայց երկրպագուները դժգոհ են և չեն ուզում հրաժարվել ամենասիրելի մրցաշարից՝ Չեմպիոնների լիգայից։

Սիրարփի Աղաբաբյան