Cryptocurrency Prices by Coinlib

«Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ»․ չեմպիոնների պայքար

d5bcd5a5d5a1d5ac d5b4d5a1d5a4d680d5abd5a4 d5acd5abd5bed5a5d680d5bad5b8d682d5ace280a4 d5b9d5a5d5b4d5bad5abd5b8d5b6d5b6 606c7f5bc6d97

Մադրիդի «Ռեալը» պայքարում էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար: Մինչ խմբային փուլի վերջին տուրը, մայրաքաղաքային թիմը չգիտեր` արդյո՞ք կկարողանա դուրս գալ եվրոպական հիմնական մրցաշարի գարնանային հատված: Դոնեցկի «Շախտյորից» երկու պարտությունից հետո Իսպանիայի չեմպիոնը միայն վերջին տուրում հաղթեց Գլադբախի «Բորուսիային», որը բերեց բաղձալի ուղեգիրը:

Առաջին փուլում «Ռեալը» խաղաց «Ատալանտայի» դեմ, որին կարողացավ հաղթել ընդհանուր 4:1 հաշվով:

Մադրիդցիներն անհաջող խաղացին Սուպերգավաթում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ 1/16 եզրափակչում միայն լրացուցիչ ժամանակում զիջեց երրորդ լիգայից «Ալկոյանոյին» (1:2):

Լա Լիգայում «սերուցքայինները» երրորդ հորիզոնականում են։ «Ատլետիկոն» և «Բարսելոնան» առաջ են անցել իրենց հիմնական մրցակցից: Մյուս տուրում սպասվում է Էլ Կլասիկո։

Թիմի լավագույն գոլահարը Բենզեման է, ով թիմի խփած 51 գոլից ունի 18 գոլ, երկրորդ հորիզոնականում է Կազեմիրոն (հինգ գոլ):

Այսօր չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ Ազարը, Վալվերդեն, Կարվախալը և մկանային վնասվածք ունեցող Ռամոսը: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ դրական է եղել Ռաֆայել Վարանի կորոնավիրուսի թեստը։

Անցած առաջնության ավարտին 19-ակի չեմպիոն և Անգլիայի գավաթի յոթակի դափնեկիր «Լիվերպուլը» ժամանակից շուտ նվաճեց ազգային չեմպիոնի կոչումը և հսկայական տարբերությամբ վստահորեն շրջանցեց բոլոր մրցակիցներին: Նման կախարդական հաջողությունից հետո թիմի երկրպագուներն իրավունք ունեին հույս դնել հաջողակ շարունակության վրա, բայց նոր մրցաշրջանում ինչ-որ բան սխալ եղավ:

Ընթացիկ առաջնության 30 տուրից հետո Կլոպի սաներն ունեն 14 հաղթանակ և 7 ոչ-ոքի, ինչի արդյունքում 7-րդն են մրցաշարային աղյուսակում: Առ այսօր առաջատարից բացը 25 միավոր է, ինչը մրցաշարային անհասանելի հեռավորություն է:

Վերջին հինգ խաղերում «կարմիրները» երկու անգամ պարտվեցին և երեք հաղթանակ տարան՝ «Շեֆիլդ Յունայթեդի» (2:0), «Վուլվերհեմփթոնի» (1:0) և «Արսենալի» նկատմամբ (3:0)։

«Լիվերպուլն» Անգլիայի Գավաթում իր ելույթներն ավարտեց 1/16 եզրափակչի փուլում, երբ արտագնա խաղում չկարողացավ հաղթահարել «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը (2:3):

Չեմպիոնների լիգայում Յուրգեն Կլոպի սաները խմբային փուլը խաղացին մեկ շնչով, որտեղ նրանք խմբում գրավեցին առաջին տեղը «Ատալանտայի», «Միդտիլանի»  և «Այաքսի» հետ: Եվրոպայում հիմնական ակումբային մրցաշարի գարնանային հատվածի առաջին փուլում «Լիվերպուլը» երկու անգամ գերազանցեց գերմանական «ՌԲ Լայպցիգին» նույն 2:0 հաշվով:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մրցաշարային աղյուսակի լավագույն ռմբարկուների տասնյակում է Սալահը՝ հինգ գոլով:

Մկանային վնասվածք ունեցող Վան Դեյկը, Գոմեսը, Կելեհերը, Մատիպը, Հենդերսոնը և Օրիջին այսօր չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ:

Այսօր խաղադաշտ դուրս կգան ավելի քան մեկ միլիարդ եվրո ընդհանուր տրանսֆերային արժեք ունեցող մրցակիցներ: Դա պետք է ազդի խաղի որակի և բովանդակության վրա: Այսօր երկու թիմերն էլ ուժով մոտավորապես հավասար են։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան