Cryptocurrency Prices by Coinlib

Remusat` Չինաստանում ծնված հայկական էլեկտրական սկուտերներ

remusat d5b9d5abd5b6d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 d5aed5b6d5bed5a1d5ae d5b0d5a1d5b5d5afd5a1d5afd5a1d5b6 d5a7d5acd5a5d5afd5bfd680d5a1 605d7faa881de

2020-ի մարտի 25-ին Չինաստանի՝ 6․2 միլիոն բնակիչ ունեցող Դալյան քաղաքում բացվեց էլեկտրական սկուտերների եւ էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության գործարան: Իրադարձությունը հայերի համար գուցե կարեւոր չլիներ, եթե գործարանի հիմնադրողները հայեր չլինեին։

Հայ-չինական արտադրամասը, չնայած կորոնավիրուսով «խեղդված» բարդ տարվան, հաջողել է արտադրանքը ներկայացնել ու իրացնել Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շուկաներում։

Չինական գործարանի եւ հայկական «Ռեմուսատ» ընկերության հովանու ներքո նմուշների առաջին խմբաքանակը Երեւանում է։ Banks.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիրներից Դավիթ Բաբայանի հետ։

Նախապատմությունը Չինաստանում է

Remusat ընկերությունը հիմնադրել են մասնագիտությամբ կինոռեժիսորներ՝ Դավիթ Բաբայանն ու Ռուբեն Գինեյը։ Համահիմնադիրներից՝ Ռուբենը, Չինաստանում է կարգավորում գործերը, իսկ Դավիթը՝ պատասխանատու է Հայաստանում ապրանքի զարգացման եւ միջազգային կապերի համար։
Գաղափարն առաջացել է, երբ երկու ընկեր սկսել են հետեւել էլեկտրական տրանսպորտի զարգացման միտումներին ու տեմպերին։


Ռուբեն Գինեյը

«Սկսեցինք ուսումնասիրել, եւ հասկացանք, որ շուկան դեռ սաղմնային փուլում է, նույնիսկ խոշոր արտադրողներն իրենց ապրանքատեսակները հարմարեցնելու եւ վերամշակելու կարիք ունեն։ Որոշեցինք փնտրել գաղափարակից մարդկանց,  արդյունքում մեր նախագծին միացան չինացիները»։

Ընկերները գործը մեկնարկել են ու բախվել առաջին լուրջ խոչընդոտին՝ կորոնավիրուսային համաճարակին։ Այն անորոշ ժամանակով սառեցրել է բոլոր ծրագրերն ու նպատակները։

Երկրորդ դժվարությունը չինացի գործընկերների «բիզնես լեզուն հասկանալն էր»։

«Նրանք չափազանց տարբերվում են աշխարհի մյուս բոլոր գործարարներից, նրանց համար ընկերական հարաբերությունները մնում են դռան հակառակ կողմում, երբ խոսքը վերաբերվում է համատեղ աշխատանքին եւ բիզնեսին։ Նրանց համար գործը գործ է եւ վերջ՝ ամեն ինչ պլանավորված է ամենայն մանրամասնությամբ եւ ծրագրերից շեղումներն անթույլատրելի են։ Հարցը կարգավորվեց եւ խնդիրը վերացավ Ռուբենի շնորհիվ։ Նա շատ լավ է ճանաչում չինացիներին, քանի որ արդեն 19 տարի բնակվում է Չինաստանում», — պատմում է Դավիթը։


Դավիթ Բաբայան

Աշխատանքային ներկա բարդություններից է հետհամաճարակային խնդիրները՝ առաքման ծախսերը կրկնակի  թանկացել են, եւ մեծ ապրանք ուղարկելը հիմա ավելի բարդ է։

Դավիթն ասում է, որ Հայաստանում մաքսազերծման հետ խնդիրներ չեն ծագել։ Ավելին՝ քանի որ ապրանքն էլեկտրոմոբիլ է, կառավարությունն արտոնություն է շնորհել՝ այն ազատված է ավելացված արժեքի հարկից, վճարվում է միայն մաքսատուրք, ինչպես եվրոպական մի շարք երկրներում։

Գերնպատակը՝ Հայաստանում արտադրամասն է
 
էլեկտրական սկուտերները եւ էլեկտրական տրանսպորտային միջոցները թեեւ դեռ վաճառվում են Made in China պիտակով, բայց նշված է նաեւ Remusat-ի հետ գործակցության փաստը։ Չինաստանում արտադրվելու պիտակը, սակայն, ժամանակավոր է՝ ընկերության գերնպատակը Հայաստանում արտադրամաս բացելն է։


Լուսանկարը՝ Remusat

«Հայաստանում էլեկտրական սկուտերների եւ տրասնպորտային այս միջոցների արտադրության համար Չինաստանից շատ քիչ բան անհրաժեշտ կլինի ներկրել՝ հիմնականում միայն շարժիչը։ Մարտկոցը հնարավոր է նաեւ այստեղ ստեղծել, որովհետեւ շատ լավ մասնագետներ կան։ Այդ պարագայում մենք կկարողանանք այն արտահանել ԵԱՏՄ ու արտերկիր»։

Սա դեռ միայն նախագիծ է եւ ապագայի պլան, պատճառներից մեկը՝ շուկայի կիսատ մոնիթորինգն է։ Այս պահին վաճառվող մոդելները տարանցիկ են եւ նախատեսված են կյանքի տարբեր իրավիճակների համար։ Վաճառքների վերլուծությունն ավարտելուց հետո Դավիթի ու Ռուբենի համար պարզ կդառնա, թե տարածաշրջանում ո՞ր մոդելներն են ամենից շատ պահանջված եւ վաճառվող։


Լուսանկարը՝ Remusat

«Պետք է հասկանանք, թե ինչ սպառում այն ունի։ Այս պահին մենք մեր համատեղ ձեռնարկատիրական աշխատանքը հարմարեցնում ենք տեղական պահանջարկին։ Օրինակ, Ուկրաինա ուղարկում ենք այնպիսի ապրանք, որը հարմարեցված է երկրի կլիմայական պայմաններին, փողոցների դասավորվածությանը, ներքին ուղղություններին, որպեսզի շարժիչի աշխատանքը չդժվարանա։ Հետխորհրդային երկրներում հոսանքը շատ է տատանվում, մենք այս փաստը նույնպես հաշվի ենք առել, որովհետեւ տրանսպորտային այս միջոցները լիցքավորվում են 6 ժամ եւ չպետք է խնդիրներ ունենան հոսանքի տատանումների հետեւանքով։ Կամ մեկ այլ նրբություն՝ չինացիներն ավելի փոքրամարմին են, իսկ մեր տարածաշրջանում մարդիկ ավելի խոշոր են եւ հետեւաբար, տրասնպորտը պետք է համապատասխանի նաեւ մարդկանց քաշին։ Այս մեքենաները պետք է ամեն կերպ հարմարացնել՝ որպեսզի մարդն այն վարելուց խնդիր չունենա, խուսափի խցանումներից, բիզնես գործունեության համար նույնպես կարողանա ծառայեցնել», — բացատրում է Դավիթը։

Գնորդները երիտասարդներն են

Էլեկտրական տրասնպորտային այս միջոցների գնորդները երիտասարդներն են, մեծ մասը՝ տղաներ։ Հիմնականում վաճառվում են այն մոդելները, որոնք, ավելի գեղեցիկ ու հետաքրքիր տեսք ունեն, եթե նույնիսկ տեխնիկապես զիջում են մյուս մոդելներին։


Լուսանկարը՝ Remusat

«Չինաստանում այս հարցն այլ ընկալում ունի՝ կարեւորը լինի երկու անիվ, որոնք իրար միացված լինել երկաթով եւ տեղաշարժվեն։ Հայաստանում մի քիչ ուրիշ է՝  պահանջված են այն մոդելները, որոնք «ամոթ» չէ վարել ու նաեւ փողոցում կայանել։ Պահանջված են ակնահաճո մոդելները»։

Աղջիկների համար նախատեսված մոդելներն ավելի թեթեւ են եւ կոմպակտ։

Գնորդները տարակուսած են

Դավիթը պատմում է, որ փորձը ցույց է տվել՝ երբ հարցը սկսում է վերաբերվել էլեկտրական շարժիչով աշխատող երկանիվներին, գնորդի մոտ խառնաշփոթ է տիրում ու սկսում է հարցերի տեղատարափը։ Առաջին հարցը սովորաբար հետեւյալն է՝ ինչո՞ւ ոչ բենզին։

«Ինչպե՞ս են մսակերները դառնում բուսակեր ու սկսում բոլորին խորհուրդ տալ հետեւելու իրենց։ Սա նույն փորձառությունն է։ Ով սկսում է օգտվել էլեկտրական տրանսպորտից, սկսում է գնահատել առավելությունները։

Մարդը, որը երբեւէ չէր մտածում, որ կարող է իր ներդրումն ունենալ էկոլոգիայի պահպանման հարցում, այս տրանսպորտից օգտվելուց հետո սկսում է գիտակցել իր որոշման կարեւորությունը»։


Լուսանկարը՝ Remusat

Գնորդներին նաեւ հետաքրքրում է, թե որքանով է այս տրանսպորտի կյանքը համեմատելի բենզինի շարժիչով մեքենայի հետ։ Պարզվում է աշխատանքային ցիկլը գրեթե նույնն է, միայն թե էլեկտրական շարժիչի դեպքում պետք է խստորեն պահպանել օգտագործման կանոնները, եւ, օրինակ, շատ ցուրտ եղանակին դրսում չթողնել։ Այս դեպքում, այն կարող է անխափան ծառայել ավելի քան 5 տարի։

Շուկայում միայնակ չեն

Remusat-ը շուկայում միայնակ չէ։ Կան անհատներ եւ ընկերություններ, որոնք նույնպես ներկրում են էլեկտրական տրանսպորտ։

«Զարգացած երկրներում քաղաքի կենտրոն մուտք գործելը 20 եվրո է, իսկ երկանիվ մեքենայով՝ անվճար։ Էլեկտրոմոբիլները նաեւ անձայն են, եւ ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, հատկապես «Տեսլայի» զարգացման միտումների կողքին, կզարգանան նաեւ էլեկտրոմոբիլ արտադրող փոքր ընկերությունները, որովհետեւ ամենախոշոր ավոտարտադրող ընկերությունները արդեն իսկ նշել են հստակ ժամկետներ, որից հետո ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների արտադրությունը դադարեցնելու են»։

Դավիթ Բաբայանի գնահատմամբ, Հայաստանի համար հատկապես, սա շատ կարեւոր է, որովհետեւ երկիր ներկրվում են հիմնականում օգտագործված եւ հին մեքենաներ, ինչի հետեւանքները կարող են աղետալի լինել մեր երկրի համար։

Ընկերության ապագա պլաններում է նաեւ  քաղաքային, էլեկտրական՝ փոքրիկ հրշեջ մեքենա ու աղբատարների արտադրությունը, որոնք կկարողանան մուտք գործել ցանկացած փոքր տարածք՝ խուսափելով խցանումներից։

Լուսին Մկրտչյան

Աղբյուրը՝ Banks.am