Cryptocurrency Prices by Coinlib

Ռուս զբոսաշրջիկներին ամենից շատ մտահոգում են դեպի Հայաստան ավիատոմսերի գները

d5bcd5b8d682d5bd d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b7d680d5bbd5abd5afd5b6d5a5d680d5abd5b6 d5a1d5b4d5a5d5b6d5abd681 d5b7d5a1d5bf d5b4d5bfd5a1d5b0 605c6675573b5

Հայաստանը նախորդ շաբաթ իր զբոսաշրջային ներուժն է ներկայացրել Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում: Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով Հայաստանից 20 զբոսաշրջային ընկերություն է ներկայացել:

MITT Moscow հարթակում տուրօպերատորները հնարավորություն են ունեցել ուղիղ շփվել Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների հետ:

Banks.am-ը զրուցել է ցուցահանդեսին մասնակից JUST TRAVEL զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Նաիրա Թովմասյանի հետ՝ պարզելու, թե մեկ տարվա դադարից հետո հետաքրքրություն կա՞ Հայաստանի նկատմամբ, վերջին պատերազմն որքանո՞վ է ազդել մեր երկիր այցելել ցանկացող ռուս զբոսաշրջիկների վրա եւ ի՞նչ ակնկալիքներ կարել է ունենալ զբոսաշրջային տարվա հետ կապված:

Նաիրա Թովմասյանն ասում է, որ Հայաստանը, որպես էքսկուրսիոն ու գաստրոնոմիկ ուղղություն, ռուս զբոսաշրջիկին միշտ հետաքրքրել է, եւ այդ հետաքրքրությունը պահպանվել է:

Նրա խոսքով՝ MITT Moscow-ում տուրօպերատորներին մտահոգող հարցերը հիմնականում կապված են եղել դեպի Հայաստան ավիատոմսերի բարձր գների եւ հանրահավաքների ու ցույցերի հետ:


Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ի ուրախություն մեզ՝ հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ, իսկ պատերազմին առնչվող որեւէ հարց չի եղել: Հիմնականում հետաքրքրվում էին, թե հանրահավաքներով ու ցույցերով պայմանավորված՝ որքանով է մեր երկիրն անվտանգ զբոսաշրջիկների տեղաշարժի համար: Հետաքրքրվում էին, թե զբոսաշրջիկն անվտանգ ու անխոչընդոտ կարո՞ղ է զբոսնել փողոցով: Մենք ներկայացրել ենք իրավիճակն ու հավաստիացրել, որ Հայաստանն անվտանգ է այցելությունների համար»,- նշում է JUST TRAVEL-ի տնօրենը:


Լուսանկարը՝ JUST TRAVEL

Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին՝ Նաիրա Թովմասյանը նկատում է, որ սա ամենից շատ մտահոգող հարցն է:

«Համավարակի պատճառով մարդկանց եկամուտները նվազել են, բոլորն ակնարկում էին, որ ավիատոմսերը շատ թանկ են եւ հարցնում՝ թե ի՞նչ կարելի է անել, որ ավելի մատչելի լինի Հայաստան գալը: Նշում էին, որ դեպի Հայաստան ավիատոմսերի գները երբեք այսքան բարձր չեն եղել», — պատմում է նա:

JUST TRAVEL-ի տնօրենի խոսքով՝ ավիատոմսերի բարձր գների պատճառով տուժում են նաեւ զբոսաշրջային գործակալությունները, սակայն խնդիրը միայն տուրօպերատորների մակարդակով լուծել հնարավոր չէ:

«Էքսկուրսիոն տուրերի առումով եվրոպական շուկան բավական մեծ հոսք էր ստանում Ռուսաստանից, բայց, քանի որ այսօր եվրոպական շատ երկրներ փակ են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, մեր երկրի բաց սահմանների շնորհիվ ակնկալիքներ կարելի է ունենալ ռուսական շուկայից, սակայն մինչեւ ավիատոմսերի գները չնվազեն, զանգվածային հոսքի մասին խոսելն իրատեսական չէ: 2019 թվականի զբոսաշրջային ծավալների 20-30 %-ի չափով ակնկալիքն իրատեսական կլինի միայն սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներին»,- ասում է Նաիրա Թովմասյանը:


Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նա հավելել է, որ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է նմանատիպ այլ ցուցահանդեսների մասին, ինչն այս իրավիճակում շատ արդյունավետ կլինի՝ մեկ միասնական տաղավարի ներքո ներկայանալ Հայաստանով հետաքրքրված զբոսաշրջիկներին:

Արփի Ջիլավյան

Աղբյուրը՝ Banks.am