Փրկարարները տեղում մեքենաների վրայից հեռացրել են թիթեղները, իսկ մի կիսաքանդ տան տանիքի փլուզված մասն ապամոնտաժել են։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես ժամը 16։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 1-ին և 2-րդ շենքերի տանիքների թիթեղները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով 1-ին և 2-րդ շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ և վնասել բակերում կայանած «Mercedes Benz» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները մեքենաներից հեռացրել են թիթեղները։
Իսկ ժամը 15:54-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցում գտնվող կիսաքանդ տան տանիքը:
Փրկարարները Գյումրու քաղաքապետարանի ավտոամբարձիչի օգնությամբ ապամոնտաժել են տանիքի վտանգավոր հատվածի փայտյա և թիթեղյա կառուցատարրերը և սահմանազատել տարածքը:
Մարտի 25-ին, ժամը 14։35-ից 17։40-ն էլ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում, Մոլդովական, Բայրոնի, Ֆուչիկի փողոցներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։
Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել