Cryptocurrency Prices by Coinlib

ՀԱԳՄ-ն խորապես հիասթափված է ՀՀ ԱԺ դրսեւորած դիրքորոշմամբ

d5b0d5a1d5a3d5b4 d5b6 d5add5b8d680d5a1d5bad5a5d5bd d5b0d5abd5a1d5bdd5a9d5a1d683d5bed5a1d5ae d5a7 d5b0d5b0 d5a1d5aa d5a4d680d5bdd5a5d682 605adca520ab5

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն (ՀԱԳՄ) իր խորին հիասթափությունն է հայտնում՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելիս, Հայաստանի Ազգային ժողովի դրսեւորած դիրքորոշման առնչությամբ։

ՀԱԳՄ-ի այսօր տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների եւ ԱԺ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներում քանիցս բարձրացվել են հիշյալ փոփոխությունների անպատեհ ու խոչընդոտող լինելը, մասնավորապես, հետհամավարակային եւ հետպատերազմական տնտեսության վերականգնման ու առողջացման գործընթացի համար։ Եվ չնայած օրենքի նախագծի վերաբերյալ հանրային մերժողական մոտեցմանը, մասնագիտական ու փորձագիտական շրջանակների փաստարկված հիմնավորումներին, հայրենի օրենսդիրներն ականջալուր չեղան գործարար համայնքի կարծիքին։ Համայնք, որի գործունեության շնորհիվ է, որ ձեւավորվում է երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը, որի ջանքերով է, որ ապահովվում են հազարավոր աշխատատեղեր եւ որն անմիջական կրողն է լինելու ընդունված օրենքի բացասական հետեւանքների ու դրսեւորումների։   

Այդուհանդերձ, ընդունվեց մի օրենք, որն, ի վերջո, մասնագիտական հանրության կողմից ստացավ «նոր պատժիչ գործիք» գնահատականը։ Եվ փույթ չէ, որ արտերկրի տարբեր օրենքներից մեխանիկորեն փոխառված դրույթները չեն տեղայնացվել, հոգ չէ, որ օրենքում հստակ սահմանազատված չեն մենաշնորհային եւ գերիշխող դիրքերը, ոչինչ, որ ՏՄՊՊ հանձնաժողովին վերապահված է ուղղակի միջամտելու, իր հայեցողությամբ տնտեսվարողի հաշիվներին արգելանք դնելու ու խոշոր տուգանքներ կիրառելու լիազորություն, առկա է բազմաթիվ այլ հակասական ու արգելիչ բովանդակություն․ այս ամենը պատգամավորներին չխանգարեց կյանք տալ հիշյալ օրենքի փոփոխություններին։ Ընդ որում, այդ փոփոխություններն այնքան շատ են ու էապես տարբերվող նախորդից, որ ընդունվեցին ոչ թե օրենքի առանձին փոփոխություններ, այլ նոր օրենք, որը Հանձնաժողովին օժտում է պատժիչ վարչարարական գործիքներով՝ չբարելավելով կամ չհստակեցնելով բուն՝ մրցակցային ապահովման խնդրին առնչվող կարգավորումները։

ՀԱԳՄ նախագահությունը մեկ անգամ եւս վերահաստատում է  ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ժամանակավրեպ եւ աննպատակային լինելը, որում պարունակվող նորմերով սահմանվող տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի նոր կարգավորումներն անհանգստացնող են գործարար համայնքի համար: Դրանք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին օժտում են աննախադեպ լայն՝ պատժելու, արգելելու, բռնագանձելու լիազորություններ, ինչպես նաեւ այդպիսի գործառույթի համար ծավալուն եւ չարդարացված իրավական գործիքակազմի նոր համակարգ: Այս ամենն, ակներեւաբար, իր բացասական հետեւանքն է ունենալու ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, երկրի տնտեսության՝ առանց այն էլ ծանր վիճակը բարելավելու ընթացքի վրա։

Միաժամանակ վստահեցնում ենք, որ հետայսու եւս հաստատակամորեն հետամուտ ենք լինելու գործարարների շահերի պաշտպանությանը, տնտեսական իրավական դաշտի կատարելագործմանը, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունների առաջմղմանը, երկրի կարողություններն արտերկրում պատշաճ ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, հանրության բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված մեր ստանձնած առաքելությանը։ Որեւէ քաղաքական կամ արհեստածին հանգամանք չի կարող կասեցնել հայ գործարարի ստեղծարար ընթացքը, որը նպատակամիտված է զարգացած տնտեսությամբ, անվտանգ եւ հզոր Հայաստանի կերտմանը»։ 

Աղբյուրը՝ Banks.am