Թվային դոլարը գործարկելու համար «մեզ անհրաժեշտ է Կոնգրեսի, նախագահի վարչակազմի եւ լայն հասարակության հավանությունը»,- ասել է Փաուելը:
«Ամենակարեւորը՝ մենք չենք գնա այդ քայլին առանց Կոնգրեսի աջակցության, եւ կարծում եմ, կատարյալ սցենարը կլիներ համապատասխան օրենսդրության ընդունումը, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչելու համար ստիպված չլինենք ինքնուրույն մեկնաբանել գործող օրենքները»,- Փաուելի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։
Փաուելի ելույթը կայացել է Միջազգային հաշվարկների բանկի կողմից կազմակերպված եւ Կենտրոնական բանկերի համար թվային նորարարություններին նվիրված վիրտուալ միջոցառման ժամանակ:
FRS-ի նախագահը կրկին անգամ ընդգծել է, որ ԱՄՆ Կենտրոնական բանկը գործընթացի սկզբնական փուլում է եւ ուսումնասիրում է, թե ինչպիսին կարող է լինել թվային դոլարը, ու մտադիր չէ խաթարել մասնավոր ֆինանսական հատվածի գործունեությունը:
Բացի այդ, նա հասկացրել է, որ կարգավորիչի հետաքրքրությունը թվային արժույթով պայմանավորված չէ մասնավոր՝ բիթքոինի նման նախագծերի ժողովրդականության բարձրացմամբ: Մասնավոր կրիպտոարժույթների շատ կողմնակիցներ դրանք դիտարկում են որպես պետության կողմից առաջարկվող ակտիվների այլընտրանք, սակայն Փաուելը կարծում է, որ դրանք դեռ ի վիճակի չեն լուծել այդ խնդիրը:
Աղբյուրը՝ Banks.am