Cryptocurrency Prices by Coinlib

«Սպայկա»-ն 10 մլն կիլոգրամ բեռ է տեղափոխել Արցախ

d5bdd5bad5a1d5b5d5afd5a1 d5b6 10 d5b4d5acd5b6 d5afd5abd5acd5b8d5a3d680d5a1d5b4 d5a2d5a5d5bc d5a7 d5bfd5a5d5b2d5a1d683d5b8d5ad 60588ec75c1cb
«Սպայկա» ընկերությունը պատերազմի առաջին իսկ օրերից սկսած իր ունեցած բոլոր ռեսուրսներով աջակցել եւ անհատույց իր ծառայություններն է մատուցել ի օգուտ հայկական երկու հանրապետությունների՝ կազմակերպելով եւ իրականացնելով լոգիստիկ աշխատանքները:

Ինչպես նշել են ընկերությունում, 2020-ի սեպտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 9-ը «Սպայկա»-ի կողմից անհատույց կերպով սեփական միջոցներով իրականացվել են  բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի Ստեփանակերտ եւ Մոսկվա-Երեւան-Ստեփանակերտ՝ հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռներ:

«Յուրաքանչյուր բեռնափոխադրում վարորդների համար եղել է կյանքի ու մահվան կռիվ, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանցից յուրաքանչյուրին: Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում զոհվել են ընկերության չորս աշխատակիցներ, որոնցից երկուսը՝ վարորդ:

Մեծ խոչընդոտներ հաղթահարելով՝ ընկերությունն անմիջապես ստանձնեց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները ՌԴ-ից  ՀՀ, այնուհետեւ Ստեփանակերտ  բեռափոխադրելու խնդիրը՝ ամբողջ ծառայությունը կատարելով անհատույց»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Սպայկա» ընկերության կողմից ռազմաճակատ է ուղարկվել նաեւ սեփական միջոցներով ձեռքբերված  հումանիտար  օգնություն՝ շուրջ 185 տոննա սնունդ, 45 տոննա դեղորայք, «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաեւ ընկերության կողմից նախագծված եւ պատրաստված 17 միավոր հատուկ տեխնիկական միջոցներ:

Բացի այդ, Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են 2 միավոր սառնարանային կիսակցորդ, 8X8  եզակի  հատուկ տեխնիկա եւ 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար:

«Սառնարանային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետեւյալը՝ սառնարանային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման  համար:

Ընկերության կողմից Հայաստանին եւ Արցախին տրամադրված նյութական օժանդակությունը դրամային արտահայտությամբ կազմել է  ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամ»,- ընդգծել են ընկերությունում:

Նշված աշխատանքներն իրականացվել են ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի անմիջական  ղեկավարությամբ  ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով, որը 24 ժամ կորդինացրել է լոգիստիկ աշխատանքներն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ռազմաարդյունաբերության կոմիտեի, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Վրաստանում ՀՀ դեսպանատան, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի, տարբեր համայնքների եւ այլ մարմինների ու կազմակերպությունների հետ:

«Ընկերությունը շարունակում է զարգացման տարբեր ծրագրեր իրականացնել եւ համագործակցել Հայաստանի ավելի քան 80 համայնքների հետ եւ սատարում է  Արցախի գյուղատնտեսության վերականգմանը:

Անկախ երկրում տիրող քաղաքական  միջավայրից ընկերությունն իր գործունեության հիմնական առաքելությունն է համարում մեր հայրենիքում հզոր եւ կայուն տնտեսության կառուցմանն աջակցելը:

Սույն հայտարարությամբ մասամբ բացելով որոշակի փակագծեր՝  ընկերությունը հորդորում է զերծ մնալ ընկերության անունը եւ գործարար համբավն անհիմն շահարկելուց:

«Սպայկա»-ն կանգնած է եղել եւ շարունակում է կանգնած լինել Հայաստանի եւ Արցախի, հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին՝ կատարելով իր հնարավորություններից ավելին առանց որեւէ ակնկալիքի հանուն հայկական պետականության կայացման»,- ամփոփել են «Սպայկա» ընկերությունում:

Աղբյուրը՝ Banks.am