Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Նաջի Աղբալին եւ այս պաշտոնում նշանակել Շահապ Քավջիօղլուն այն բանից հետո, երբ կարգավորիչը մարտի 18-ին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 17-ից մինչեւ 19%:
Ինչպես հաղորդում է տնտեսական նորությունների Prime գործակալությունը, Քավջիօղլուի նշանակման մասին նախագահի հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում մարտի 20-ին:
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ 20 ամսվա ընթացքում չորրորդ մարդն է նշանակվում Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում:
Քավջիօղլուն ծնվել է 1967թ., Ստամբուլի Մարմարա համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա բանկային գործունեության եւ ապահովագրության ոլորտում, աշխատել է բանկային կառույցներում տարբեր պաշտոններում:
Մինչ այդ Էրդողանը փոխարինել էր երկրի Կենտրոնական բանկի ղեկավարին 2020-ի նոյեմբերին այն բանից հետո, երբ նախորդ երկու ամիսների ընթացքում թուրքական լիրան արժեզրկվեց 7,45-ից մինչեւ 8,59՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:
Աղբյուրը՝ Banks.am