Cryptocurrency Prices by Coinlib

Revolut ֆինտեխ ստարտափը լքում է կանադական շուկան

revolut d686d5abd5b6d5bfd5a5d5ad d5bdd5bfd5a1d680d5bfd5a1d683d5a8 d5acd684d5b8d682d5b4 d5a7 d5afd5a1d5b6d5a1d5a4d5a1d5afd5a1d5b6 d5b7d5b8 60547de45c554
Ռուսական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը հեռանում է կանադական շուկայից իր առաջարկի բետա տարբերակի գործարկումից ավելի քան մեկուկես տարի անց, հաղորդում է Bloomchain.ru-ն՝ նշելով, որ Նիկոլայ Ստորոնսկու ընկերությունը սկսել է փակել երկրում բոլոր գործարքները։

Կանադացի օգտատերերին հասցեագրված էլեկտրոնային նամակում ընկերությունը գրում է, որ մարտի 29-ից իրենք այլևս չեն կարողանա համալրել Revolut-ում իրենց հաշիվը: Ապրիլի 12-ից ստարտափը կդադարի ընդունել պլաստիկ վճարային քարտերի թողարկման պատվերներ, իսկ մայիսի 15-ից կդադարեցնի հաճախորդների հաշիվների սպասարկումը: Եթե մինչ այդ որոշ օգտատերեր չհասցնեն հանել իրենց գումարները, Revolut-ը խոստանում է դրանք վերադարձնել ամբողջ ծավալով:

Այս տեղեկատվությունը հաստատվում է նաեւ Twitter-ում Revolut-ի հաղորդագրություններով: Ստարտափը չի բացառում, որ հետագայում կարող է վերադառնալ կանադական շուկա:

Revolut-ը Կանադայում գործարկման համար նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էր 2019թ․-ին: Նույն տարում ստարտափը ներկայացրեց իր առաջարկի բետա տարբերակը՝ նախքան պաշտոնական գործարկումը օգտատերերին հասանելիություն ապահովելով հաշիվներին: Այնուամենայնիվ, նախագիծն այդպես էլ դուրս չի եկել բետա փուլից:

«Գործարքների փակումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է երկու առանցքային գործոններով. Կանադայում բանկային լիցենզիա ստանալու դժվարությամբ և տեղական ֆինտեխ ստարտափների կողմից մրցակցությամբ: Հատկանշական է, որ ավելի վաղ Revolut-ի ղեկավարությունը Կանադան համարում էր արտաքին գերակա շուկաներից մեկը»,- գրում է պարբերականը:

Օգտվելով առիթից նշենք, որ «Տինկոֆ» խմբի (TCS Group) հիմնադիր Օլեգ Տինկովը օրերս դասել էր Revolut-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկուն այն գործարարների շարքին, որոնք հինգ տարուց կդառնան Ռուսաստանում ամենահարուստ մարդիկ։ Ստորոնսկուց բացի, «Տինկովի թոփում» ներառվել են նաեւ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ու Playrix խաղային ընկերության հիմնադիրներ Դմիտրի եւ Իգոր Բախման եղբայրները։  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am