Cryptocurrency Prices by Coinlib

Արցախցիների վարկերը մասնակի կամ լրիվ կփոխհատուցվեն՝ ըստ շահառուների խմբերի

d5a1d680d681d5a1d5add681d5abd5b6d5a5d680d5ab d5bed5a1d680d5afd5a5d680d5a8 d5b4d5a1d5bdd5b6d5a1d5afd5ab d5afd5a1d5b4 d5acd680d5abd5be 605445478d8a4

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։

Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական եւ բիզնես (այդ թվում՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի եւ փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի եւ ժամկետների։

Համաձայն ծրագրի՝ պետական աջակցությունից կօգտվեն ֆիզիկական անձինք (կամ նրանց ամուսինները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված եւ փաստացի բնակվում էին կամ ում աշխատանքի վայրը գտնվում էր Արցախի Հանրապետությունում (բացի զորահավաքային զորակոչով չներկայացած ԱՀ պահեստազորայիններից կամ նրանց ամուսիններից, համատեղությամբ բնակվող ծնողներից կամ զավակներից) եւ որոնք աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում փաստացի բնակվում են ԱՀ-ում՝ որոշ բացառություններով։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաեւ ԱՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք (բացառությամբ ոչ առեւտրային կազմակերպությունների­), որոնք շարունակում են իրենց գործունեությունը եւ որոնց միակ մասնակիցը (բաժնետերը) կամ կանոնադրական կապիտալի ավելի քան գումարային 60% մասնակցություն ունեցող մասնակիցները բավարարում են ֆիզիկական անձանց համար սահմանված պահանջները։

Բացի աջակցության ընդհանուր միջոցառումներից, շահառուների որոշ խմբերի համար ծրագրով սահմանվում են այլ արտոնություններ, պայմաններ, ինչպես նաեւ լրացուցիչ աջակցություն, որն առաջնահերթության կարգով կուղղվի նրանց հիփոթեքային, գյուղատնտեսական, սպառողական եւ բիզնես վարկերի մարմանը։

Մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ժամկետանց վարկեր ունեցող անձինք եւս կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրից՝ շահառու ճանաչվելու եւ պարտատերերի կողմից նրանց վարկերի վերաֆինանսավորման կամ վերակառուցման դեպքում եւ վարկի տարեկան մայր գումարի չափը 1․8 մլն դրամը չգերազանցելու պայմանով։

Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո վճարված գումարներին, ապա դրանք կվերադարձվեն քաղաքացիներին՝ նրանց կողմից նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

Այս փուլում քաղաքացիների կողմից դիմումներ կամ այցեր կոնկրետ մարմիններ անհրաժեշտ չեն, եւ լիազոր մարմինները համապատասխան բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցնելու են բոլոր տվյալները՝ արտոնությունների ընթացքավորման նպատակով: Եթե քաղաքացին կարծում է, որ ինքը պատկանում է տվյալ ծրագրի շահառուների խմբերից որեւէ մեկին, սակայն մեկամսյա ժամանակահատվածում իր հետ ոչ ոք չի կապվել այդ հարցով, ապա մեկ ամսից հետո կարող է դիմել պարտատեր կազմակերպություն:

Որոշմանը կարելի է ծանոթանալ այս հղումով, իսկ հարցերի առկայության դեպքում՝ զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119 կամ 047-119-119 հեռախոսահամարներով:

Աղբյուրը՝ Banks.am