Cryptocurrency Prices by Coinlib

Նախագահ․ «Հայաստան» հիմնադրամը պետք է լինի կասկածներից վեր կառույց

d5b6d5a1d5add5a1d5a3d5a1d5b0e280a4 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6 d5b0d5abd5b4d5b6d5a1d5a4d680d5a1d5b4d5a8 d5bad5a5d5bfd684 6050890002ecc
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին, որն անցկացվել է հեռավար:

Նախագահը մտահոգություն է հայտնել, որ «մեր հայրենակիցների եւ բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն եւ դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է եւ՛ գրավոր, եւ՛ բանավոր, եւ՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից»:

«Այսօրվա արտահերթ նիստը առիթ եւ հնարավորություն է՝ քննարկելու ոչ միայն վստահության, այն վերականգնելու հարցը, այլեւ մտածելու կամ գոնե սկսելու մտածել իսկապես արմատական քայլեր ձեռնարկելու մասին՝ հիմնադրամը որպես կառույց եւ համահայկական երեւույթ վերափոխելու ուղղությամբ: Սկսենք ոչ միայն մտածել, այլեւ գործել այդ ուղղությամբ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն կանոնադրությանը, այլեւ ռազմավարությանն ու մարտավարությանը, նաեւ մշակույթին եւ մտածողության ձեւին:

Միաժամանակ, ինչպես ասել է նախագահը, հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն իրավականից մինչեւ բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եւ հայություն նպատակակետերով՝ թիրախներով:

«Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ են նոր տեսլական, գործունեության ծրագիր՝ այսօրվան եւ վաղվան համահունչ, որովհետեւ այսօր Հայաստանն ու Արցախը տարբեր են, քան ամիսներ առաջ: Այսօր աշխարհն է տարբեր, այսօր մեր հայրենակիցները, որոնք մեր նվիրատուներն են, ապրում են նոր, փոփոխվող աշխարհում, հետեւաբար, մենք պետք է լինենք նաեւ ժամանակակից հիմնադրամ: Եվ իհարկե, պատերազմի եւ համավարակի հետեւանքները մեզ կանգնեցրել են շատ լուրջ մարտահրավերների առջեւ»,- նշել է նախագահը :

Նա ասել է, որ հիմնադրամը, որպես համահայկական կառույց, պարտավորություն ունի լինել այդ խնդիրների լուծման առաջին գծում:

«Այդ շարքում առաջին հերթին պետք է ներառվեն աջակցությունը մեր զոհված հայրենակիցների ընտանիքներին, վիրավոր զինվորներին, ինչպես նաեւ՝ նրանց առողջական խնդիրների լուծման, իրենց բնօրրաններից տեղահանված արցախցի մեր հայրենակիցների կեցության հարցերը: Այս ամենից զատ պետք է նախաձեռնվեն եւ իրականացվեն զարգացման նախագծեր»,- ընգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը կոչ է արել բոլորին՝ «մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական եւ այլ հետաքրքրություններն ու հարցերը եւ նպատակ ունենալ կայացնել կշռադատված որոշումներ, որոնք նպաստելու են հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնմանը եւ այս կառույցն իսկապես դարձնելու այն լոկոմոտիվը, որն իր հետ միասին առաջ է տանելու մնացած բարեգործական հայկական կառույցներին»:

Աղբյուրը՝ Banks.am