Cryptocurrency Prices by Coinlib

ՀԿԵ տնօրեն․ Նոր ուղեւորատար վագոններ եւ էլեկտրագնացքներ կբերվեն Հայաստան

d5b0d5afd5a5 d5bfd5b6d685d680d5a5d5b6e280a4 d5b6d5b8d680 d5b8d682d5b2d5a5d682d5b8d680d5a1d5bfd5a1d680 d5bed5a1d5a3d5b8d5b6d5b6d5a5d680 6050c1a58bec5
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են ընկերության խնդիրները, առաջիկա ծրագրերն ու համագործակցության հեռանկարները։

Ալեքսեյ Մելնիկովը Վահան Քերոբյանին տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղեւորատար վագոններով, էլեկտրագնացքներով։

«Նոր ուղեւորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչեւ օգոստոսի 1-ը»,- ասել է նա:

Անդրադառնալով խնդիրներին՝ Ալեքսեյ Մելնիկովը խոսել է մաքսային հսկողության առանց հանգստյան օրերի, շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտության, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայության մասին, որը, նրա խոսքով, կարելի է կազմակերպել Այրումում, նաեւ անդրադարձել պետության կողմից ուղեւորափոխադրումների սուբսիդավորման հարցին։

ՀԿԵ տնօրենը կարեւորել է նաեւ տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում եւ երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը։

Վահան Քերոբյանն էլ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» եւ Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծը, նշել, որ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։

Ալեքսեյ Մելնիկովն ասել է, որ Գյումրու կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։

Վահան Քերոբյանը նաեւ առաջարկել է դիտարկել հայ գործարարների՝ երկաթուղով կցորդներով փոխադրումներ կազմակերպելու պահանջարկը՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել գործարարների հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։

Աղբյուրը՝ Banks.am