Cryptocurrency Prices by Coinlib

Իջեւանում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

d5abd5bbd5a5d682d5a1d5b6d5b8d682d5b4 d5a3d5b8d680d5aed5a1d680d5afd5bed5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b6d680d5a1d5b5d5abd5b6 d5aed5a1d5bcd5a1 604f377fc4896
Արդարադատության նախարարությունը, «Հայփոստ»-ի հետ համատեղ, մարտի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում՝ «Հայփոստ»-ի կենտրոնական գրասենյակի տարածքում, գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:

Ինչպես հայտնել են «Հայփոստ» ընկերությունում, Միասնական գրասենյակը քաղաքացիներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները:

Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:

«Շուրջ մի քանի տասնյակ՝ մինչեւ հարյուր, ծառայություններ են այս պահին գործում եւ բոլորը սպասարկվում են մեկ վայրում: Կարծում եմ, սա քաղաքացիների համար նոր հնարավորություններ է ստեղծում: Այս տենդենցը շարունակական է լինելու: Առաջիկայում, փոստի զարգացման ռազմավարության շրջանակներում, տարբեր  քաղաքներում նմանատիպ եւս 2-3 մեծ գրասենյակներ կբացվեն, եւ միասնական մեկ վայրում մեր քաղաքացիների համար առավել լավ որակի ծառայություններ հնարավոր կլինի մատուցել»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշել է, որ Երեւանի կենտրոնում բացված Հանրային ծառայությունների միասնական գրասենյակից հետո Իջեւանում գործարկվածը երկրորդն է, որը հնարավոր եղավ իրականություն դարձնել «Հայփոստ»-ի հետ համագործակցության արդյունքում։

Նախարար Բադասյանի տեղեկացմամբ՝ կառավարությունը երեք հիմնական ուղղություններով է ծառայությունների մատուցումը հեշտացնում քաղաքացիների համար. «վարչարարության մեջ ավելորդ գործընթացների բացառում, թվայնացում, որպեսզի ծառայությունը հնարավոր լինի ստանալ օնլայն տարբերակով եւ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների գործարկում, որպեսզի պետական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնենք մեր մարզերի բնակիչներին»:

«Մենք շատ ուրախ ենք, որ առաջին մարզային գրասենյակը բացվում է Տավուշում: Այսօրվանից ծառայությունների որակն էապես բարձրանալու է: Սրանով մենք լրացուցիչ հայտ ենք ներկայացնում, որ բարձր որակի ծառայություններ ենք պատրաստ մատուցել մեր քաղաքացիներին»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Հայփոստը պատրաստ է ստանձնել միջազգային չափորոշիչների համաձայն մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելու գործընթացը: Այսօր Իջեւանում բացվող այս գրասենյակն առաջին քայլն է մեկ պատուհան սկզբունքի կիրառման. հաճախորդը մեկ այցով մեկ վայրում ստանում է միաժամանակ մի քանի ծառայություն: Այս նախաձեռնությունն առաջիկայում կունենա իր շարունակությունը մյուս մարզկենտրոններում. նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ գործարկել Կապան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
    
Ընկերությունում հիշեցրել են, որ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիները ստանալու են.

— Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
— Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,
— Սոցիալական ապահովության ծառայության,
— Ազգային արխիվի,
— Անձնագրային եւ վիզաների վարչության,
— Կադաստրի կոմիտեի,
— Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող ծառայությունները:

Իջեւանում «Հայփոստ»-ի բաժանմունքի հասցեն է՝ քաղաք Իջեւան, Երեւանյան-10:

Աղբյուրը՝ Banks.am