Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, ընտրվել են հատուկ գույներով աղբամաններ. դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի:
«Երեւանում կան խնդրահարույց հասցեներ, որտեղ թափոնամանների մեջ կամ կենցաղային աղբ է կուտակվում, կամ տեսակավորումն, ըստ էության, չի ապահովվում: Շատ կարեւոր է իմանալ նաեւ թե ապակու, թղթի ու պլաստիկի որ տեսակները չեն վերամշակվում: Համայնքային կազմակերպության թափոնների տեսակավորման վարչությունը բնակիչների հետ մշտական կապ է պահում՝ իրազեկելով նորամուծության նրբությունների մասին։ Տեսակավորված թափոնները աղբամաններից տեղափոխվում են հատուկ տեխնիկայով»,- հայտնում են քաղաքապետարանից:
Համայնքն աշխատում է չորս տնտեսվարողների հետ, իսկ գործարաններն ու արտադրամասերն ընտրվել են մրցութային կարգով:
«Աճուրդով ձեւավորված գնով իրենց ենք հանձնում թափոնները՝ թուղթը, ստվարաթուղթը, ապակին եւ պլաստիկը: Այդ վաճառքից ստացված միջոցներով իրականացնում ենք տարբեր «կանաչ» ծրագրեր, կանաչ գոտիների ընդլայնում: Թափոնների տեսակավորումից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են «կանաչ» ծրագրերի իրականացմանը»,- նշել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:
Աղբյուրը՝ Banks.am