Cryptocurrency Prices by Coinlib

Ներդրումների նոր աստղ Քեթի Վուդի բաժնետոմսերի լավագույն հնգյակը

d5b6d5a5d680d5a4d680d5b8d682d5b4d5b6d5a5d680d5ab d5b6d5b8d680 d5a1d5bdd5bfd5b2 d684d5a5d5a9d5ab d5bed5b8d682d5a4d5ab d5a2d5a1d5aad5b6 604c786a69a13

2012 թվականին, երբ Քեթի Վուդն (Katty Wood) աշխատում էր AllianceBernstein ներդրումային ընկերությունում, նա ղեկավարությանն առաջարկեց մի նոր գաղափար՝ ինքնուրույն ընտրել հետաքրքիր ներդրումներ, այլ ոչ թե պարզապես հետեւել ինդեքսներին: Նա ցանկանում էր ստեղծել ակտիվորեն կառավարվող բորսայական ֆոնդեր (ETF), որոնք կներառեին նորարարական ընկերությունների բաժնետոմսեր: Սակայն ղեկավարությանն այս գաղափարը դուր չեկավ։

Բայց Վուդը չհանձնվեց եւ ռիսկի դիմեց, չնայած քչերն էին հավատում նրա նախագիծը: Նա լքեց ներդրումների գծով տնօրենի պաշտոնը AllianceBernstein-ում եւ 57 տարեկան հասակում հիմնեց սեփական ընկերությունը՝ ARK Invest-ը, որն երեք տարի անց դարձավ աշխարհում ամենաարագ զարգացող ներդրումային ընկերություններից մեկը:

Վուդի հիմնական գաղափարն է ներդրումներ կատարել ճեղքում ապահովող նորարարություններում: Նրա ընկերությունը ներդրումներ է կատարում այն ոլորտներում, որոնք աշխատում են գենետիկայի, ռոբոտաշինության, արհեստական բանականության, բլոկչեյնի եւ այլ զարգացող տեխնոլոգիաների ուղղությամբ:

ARK Innovation-ի առաջատար ֆոնդի եկամտաբերությունը 2020 թվականին կազմել է 150%, նշում է CNBC- ն: Այս տարվա փետրվարին դրա բաժնետոմսերի գինը հասավ առավելագույնի, սակայն ամսվա կեսից ընկավ 23,65%-ով: Դա տեղի ունեցավ տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Tesla- ի բաժնետոմսերի անկման հետ մեկտեղ: Շատերն իրենց գումարները հանեցին Վուդի ֆոնդերից:

RBC-ն ներկայացրել է Քեթի Վուդի բաժնետոմսերի լավագույն հնգյակը։

1․ Tesla

Իլոն Մասկի Tesla-ն հանդիսանում ARK Invest-ի հիմնական ակտիվը: Վուդը վաղուց է Tesla-ի երկրպագուն, հավատում է դրա աճին եւ վարում ընկերության Model S մեքենան:
Երբ 2018-ին Իլոն Մասկը հայտարարեց, որ ընկերությունը կարող է դուրս գալ բորսայից, Վուդը բաց նամակ ուղարկեց ընկերության ղեկավարությանը, որում հորդորեց չանել դա: Նա հավատում էր, որ Tesla-ի բաժնետոմսերը մասնատելուց հետո դրանց գինը կարող է աճել մինչեւ $800: 2021 թվականին նրա կանխատեսումն իրականություն դարձավ:

Չորրորդ եռամսյակում ARK Invest-ը լրացուցիչ գնեց Tesla-ի 703,4 հազ․ բաժնետոմս: Ներդրումային ընկերության պորտֆելում դրանց թիվը գերազանցեց 4,13 միլիոնը։ Եվ նա շարունակում է ձեռք բերել դրանք:


Լուսանկարը՝ teslarati.com

2021 թվականի առաջին երկու ամիսներին Tesla-ի բաժնետոմսերը նվազեցին 4,28%-ով: Փետրվարի 23-ին, այլ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի հետ միասին, դրանք ընկան 13%-ով։ Սակայն Վուդը սա հնարավորություն որակեց, եւ նրա ETF-ներից երեքը լրացուցիչ գնեցին Մասկի ընկերության շուրջ 240 հազ․ բաժնետոմս:

Դեռ անցած տարվա փետրվարին Քեթի Վուդն ասել էր, որ իրեն չի անհանգստացնում Ուոլ Սթրիթի թերահավատությունը Tesla-ի նկատմամբ: Նրա կարծիքով, մեքենաների մարտկոցների արժեքի անկումը եւ Չինաստանի կողմից պահանջարկը կհանգեցնեն ընկերության բաժնետոմսի գնի բարձրացմանը: 2020թ․ սկզբից մինչեւ այս տարվա փետրվարի վերջ դրանց արժեքն աճեց 707%-ով:

2․ Roku

Ամերիկյան այս ընկերությունն արտադրում է TV կցադիրներ, որոնք միացնելով հեռուստացույցին եւ համացանցին՝ օգտատերերը կարող են ֆիլմեր եւ սերիալներ դիտել Netflix-ում, Amazon Video-ում, Google Play-ում, միանալ TV ալիքներին, ինչպես նաեւ երաժշտություն լսել։


Լուսանկարը՝ cloudinary.com

Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Roku-ի հիմնադիր Էնթոնի Վուդը 2007-2008թթ․  աշխատել է Netflix-ի փոխնախագահ եւ կարողացել է ներգրավել սթրիմինգային ծառայությունը որպես իր նախագծի ներդրող: Տասը տարի անց Roku-ն մուտք գործեց բորսա եւ գնահատվեց $1,3 մլրդ:
Չորրորդ եռամսյակում ARK Invest-ը գնեց ավելի քան 1,4 մլն Roku-ի բաժնետոմս: Ներդրումային ընկերության պորտֆելում դրանց թիվը հասավ գրեթե 5,4 միլիոնի:

3․ Teladoc Health

Ընկերությունը մասնագիտանում է հեռաբժշկության ոլորտում: Հաճախորդները կարող են ներբեռնել բջջային հավելված, որի միջոցով կապվում են բժիշկների հետ: Դա հնարավորություն է տալիս զանգահարել բժշկի, անցկացնել տեսակոնֆերանս, գրել մեսենջերում եւ նշանակել հանդիպում: Բացի այդ, հավելվածում հնարավոր է նշել հիվանդության պատմությունը, հարցեր գրել բժշկին եւ տեսնել բուժման ծրագիրը:


Լուսանկարը՝ jacksonllp.com

2020թ.-ին, երբ աշխարհում սկսվեց կորոնավիրուսային համավարակը, Teladoc Health-ի հասույթն աճեց 98%-ով եւ գերազանցեց $1 միլիարդը: Հեռաբժշկության պահանջարկը մեծացավ, եւ հավելվածների այցելությունների թիվն աճեց 156%-ով: Այնուամենայնիվ, ընկերությունը կրել է $485.1 մլն-ի զուտ վնաս:

2020թ․ վերջին ARK Invest-ն իր պորտֆելում ուներ Teladoc Health- ի ավելի քան 7,8 մլն բաժնետոմս: Վերջին երկու ամիսների ընթացքում դրանց արժեքն աճեց գրեթե $165,5 միլիոնով: Ընդ որում, չորրորդ եռամսյակում ներդրումային ընկերությունը ձեռք բերեց ավելի քան 5,8 մլն արժեթուղթ: Եվ շարունակում է գնել դրանք:

4․ Square

Square ֆինտեխ ընկերությունը գործարկվել է 2009 թվականին, զբաղվում է էլեկտրոնային վճարներով: Ընկերությունը վեբ-կայքերի կոնստրուկտորի միջոցով օգնում է ձեռներեցներին ստեղծել առցանց խանութներ, հետեւում պատվերներին եւ առաքում դրանք հաճախորդներին, ապրանքների դիմաց վճարումների համար ծառայություններ ու սարքավորումներ է տրամադրում:


Լուսանկարը՝ brightspotcdn.com

Մարտի սկզբին ֆինտեխ ընկերությունը գործարկեց բանկ, որը ստացավ Square Financial Services անվանումը: Այն վարկեր կտրամադրի ձեռնարկություններին եւ կառաջարկի ավանդային պրոդուկտներ: Բացի այդ, Square-ը ներդրումներ է կատարում բիթքոինի մեջ, ինչպես եւ ARK Invest-ի պորտֆելի լավագույն հնգյակի մեջ մտնող մեկ այլ ընկերությունը՝ Tesla-ն։ Փետրվարին Քեթի Վուդը ճիշտ էր անվանել իրենց որոշումը ներդրումներ կատարել այս կրիպտոարժույթում։

«Երբ գործը հասնում է նորարարություններին, նրանք փոփոխությունների ճիշտ կողմում են»,- CNBC-ին ասել էր Վուդը:

Անցած տարվա վերջին ARK Invest-ն իր պորտֆելում ուներ Square-ի ավելի քան 7 մլն բաժնետոմս: Չորրորդ եռամսյակում դրանց թիվն աճել է 1,25 միլիոնով: Վերջին երկու ամիսների ընթացքում բաժնետոմսերի ընդհանուր արժեքն աճել է 87,7 միլիոնով, քանի որ Square-ի բաժնետոմսերը թանկացան 5,69%: Իսկ անցած տարվա սկզբից դրանց գինը բարձրացել է 267,7%-ով:

5․ CRISPR Therapeutics

Շվեյցարա-ամերիկյան այս բիոտեխ ընկերությունը դեղեր է մշակում արյան հիվանդությունների, այդ թվում՝ չարորակ նորագոյացությունների բուժման համար: Դրա համար նա օգտագործում է գենոմի խմբագրման մեթոդը, այսինքն՝ փոխելով ԴՆԹ-ի մասերը: CRISPR Therapeutics-ի համահիմնադիրներից մեկը քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիեն է:


Էմանուել Շարպանտիեն

Լուսանկարը՝ upi.com

2020-ի վերջին ARK Invest-ի պորտֆելում կար բիոտեխ այս ընկերության ավելի քան 10,4 մլն բաժնետոմս: Չորրորդ եռամսյակում ներդրումային ընկերությունը ձեռք է բերել CRISPR Therapeutics-ի գրեթե 2 մլն բաժնետոմս: Վերջին երկու ամիսների ընթացքում բաժնետոմսերի արժեքը նվազել է 17,91%-ով: Սակայն անցյալ տարվա սկզբից այն աճել է 106,39%-ով:

Ըստ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին ներկայացված զեկույցի, անցյալ տարվա վերջին ARK Invest-ի պորտֆելը գնահատվել էր $ 37,58 մլրդ: Համեմատության համար՝ 2019-ի վերջին դրա արժեքը 3,96 մլրդ էր, այսինքն՝ գինն աճել է գրեթե 848%-ով։ Իսկ փետրվարին Bloomberg գրել էր, որ ընկերությունն արդեն կառավարում է 60 մլրդ-ի ակտիվներ:

Ուորեն Բաֆեթի բաժնետոմսերի լավագույն տասնյակը հասանելի է այս հղումով։

Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բաժնետոմսերի լավագույն տասնյակը հասանելի է այս հղումով։

Աղբյուրը՝ Banks.am