Cryptocurrency Prices by Coinlib

Քառօրյա աշխատանքային շաբաթ. կողմ եւ դեմ

d684d5a1d5bcd685d680d5b5d5a1 d5a1d5b7d5add5a1d5bfd5a1d5b6d684d5a1d5b5d5abd5b6 d5b7d5a1d5a2d5a1d5a9 d5afd5b8d5b2d5b4 d5a5d682 d5a4d5a5 604b0acd5ce0b
Ըստ աշխատանքի որոնման ZipRecruiter կայքի՝ վերջին երեք տարում քառօրյա աշխատանքային շաբաթվա մասին հիշատակումների թիվն եռապատկվել է:

Չնայած նախաձեռնության հակառակորդների փաստարկներին, ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ կազմակերպություններ են իրենց աշխատակիցներին տեղափոխում քառօրյա աշխատանքային շաբաթվա, գրում է Bloomberg-ը: Փորձագետները կարծում են, որ համավարակը կարող է արագացնել այս միտումը:

Անցած տարի՝ համավարակի բռնկումից հետո, Բեռլինում գործող Awin տեխնոլոգիական ընկերության բոլոր 1000 աշխատակիցները տեղափոխվեցին հեռահար աշխատանքի:  Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ ընկերությունն իր աշխատակիցներին ավելի շատ ազատ ժամանակ տրամադրեց, գրում է Incrussia.ru-ն:

Սկզբնական փուլում, որպես էքսպերիմենտ, նրանց թույլատրեցին ուրբաթ օրն աշխատանքն ավարտել լանչից հետո: Արդյունքում, Awin-ում պարզեցին, որ նախաձեռնությունը մեծացնում է աշխատակիցների ներգրավվածությունը, արտադրողականությունը եւ ընդհանուր բարեկեցությունը, ինչն, իր հերթին, հանգեցրեց վաճառքների ավելացմանը:

Awin-ում որոշեցին առաջ շարժվել եւ քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանել՝ առանց աշխատավարձերի եւ արտոնությունների կրճատման: «Մենք խորապես հավատում ենք, որ ուրախ, մոտիվացված եւ հավասարակշռված աշխատակիցները շատ ավելի լավ են կատարում աշխատանքը: Միաժամանակ, ավելի քիչ ժամանակում նրանք միջոցներ են գտնում ավելի արդյունավետ աշխատելու համար»,- նշել է Awin-ի  գլխավոր տնօրեն Ադամ Ռոսը:

Այս փորձը միակը չէ, նշում է Bloomberg- ը: Վերջին երեք տարում համաշխարհային աշխատաշուկայում եռապատկվել է այն թափուր աշխատատեղերի քանակը, որոնցում առաջարկվում է քառօրյա աշխատանքային շաբաթ. այս պայմաններով 10 հազ. աշխատանք փնտրողներին առաջարկում է 62 թափուր աշխատատեղ, վկայում են ZipRecruiter-ի տվյալները:

Համաձայն Հենլիի բիզնեսի դպրոցի մասնագետների ուսումնասիրության՝ Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների գրեթե երկու երրորդը, որտեղ ներդրվել է քառօրյա շաբաթը, բարձրացրել են արտադրողականությունը:

Նման փորձ են կիրառում նաեւ խոշոր ընկերություններ եւ մի քանի երկրների կառավարություններ: Անցած տարվա դեկտեմբերին Unilever PLC-ն մեկնարկեց մեկ տարվա փորձ՝ սահմանելով քառօրյա շաբաթ իր աշխատակիցների համար:

Իսպանիայի կառավարությունը քննարկում է առաջարկ՝ սուբսիդավորելու այն ընկերությունները, որոնք աշխատակիցներին քառօրյա շաբաթ են առաջարկում: Իսկ Ճապոնիայում, որտեղ կա «կարոշի» կամ «մահ ծանրաբեռնվածությունից» հասկացությունը, օրենսդիրները քննարկում են աշխատակիցներին լրացուցիչ հանգստյան օր տրամադրելու հեռանկարը՝ նրանց բարոյական եւ ֆիզիկական բարեկեցությունն ապահովելու համար:

«Քառօրյա շաբաթը թափ է հավաքում: Ընկերությունների ճնշող մեծամասնության համար աշխատանքային ժամերի կրճատումն իրատեսական նպատակ է»,- կարծում է բրիտանական Autonomy վերլուծական կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Ուիլ Սթրոնգը:

«Զարգացած տնտեսությամբ շատ երկրներ որակավորված կադրերի պակաս ունեն: Սա աշխատակիցներին հնարավորություն է տալիս ավելի լավ պայմաններ պահանջելու, այդ թվում՝ աշխատանքային շաբաթը կրճատելու համար»,- ավելացնում է Բոնի Աշխատանքի տնտեսության ինստիտուտի հետազոտող Թերի Գրեգորին:

Սակայն նախաձեռնության համատարած իրականացումը հակառակորդներ էլ ունի: Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման եւ չինացի այլ միլիարդատերեր հայտնի են իրենց «996» աշխատանքային մշակույթին հավատարմությամբ. Առավոտյան  9-ից մինչեւ երեկոյան 9-ը՝ 6 օր շաբաթվա մեջ:

Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը պարտվեց 2019-ի համընդհանուր ընտրություններում, չնայած այն հանգամանքին, որ արշավ էր իրականացնում՝ խոստանալով մոտակա 10 տարիների ընթացքում կրճատել աշխատանքային շաբաթը մինչեւ 32 ժամ:

Սակայն, չնայած դրան, Bloomberg-ը գտնում է, որ համավարակն արագացնելու է ամբողջ աշխարհում աշխատանքի սկզբունքներում փոփոխություններն ու շատ ընկերությունների կստիպի վերանայել սահմանված նորմերը:

Անցած տարվա օգոստոսին 2,3 միլիոնանոց գերմանական IG Metall արհմիությունն առաջարկեց կրճատել աշխատանքային շաբաթը՝ ի պատասխան ավտոարդյունաբերության փոփոխությունների, որտեղ ձեռքի աշխատանքի մասնաբաժինը կնվազի էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանն անցում կատարելու հետ մեկտեղ:  

Իսկ ֆրանսիական Renault SA ավտոարտադրողը մինչեւ օգոստոսի կեսը շուրջ 13 հազ. իր աշխատակիցների համար սահմանել է քառօրյա շաբաթ՝ ճգնաժամի պայմաններում պատվերների անկման պատճառով ծախսերը կրճատելու նպատակով:

Աղբյուրը՝ Banks.am