2020 թվականին PayPal-ը դարձել է վճարային ոլորտում ամենաշատ ներբեռնված բջջային հավելվածը Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում: Վճարային համակարգն առաջ է անցել նույնիսկ այնպիսի «աստղային» նեոբանկերին, ինչպիսիք են Monzo-ն, TransferWise-ը եւ Revolut-ը:
Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, AppAnnie վերլուծական գործակալությունը ուսումնասիրել է բջջային վճարային հավելվածների ներբեռնման քանակի մասին տվյալներն Էստոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում` հասկանալու համար, թե ինչպես է COVID-19 համավարակն ազդել դրանց նկատմամբ պահանջարկի վրա: Բոլոր երկրներում, բացառությամբ Շվեդիայի, որտեղ առաջատարն է Swish տեղական ծառայությունը, PayPal-ը դարձել է ամենապահանջվածը:
PayPal-ը սովորաբար դուրս է մնում խաղից եվրոպական ֆինտեխ դաշտը դիտարկելիս, սակայն լոքդաունի ժամանակ վճարային համակարգը գրանցել է նոր օգտատերերի զանգվածային ներհոսք: Հատկանշական է, որ անցած տարվա գարնանը PayPal-ի ամենաարագ աճող օգտատերերի հատվածը դարձան 50 տարեկանից բարձր մարդիկ։
PayPal-ի ժողովրդականության պատճառներից մեկը կարող է լինել բիզնեսի զարգացման էկոհամակարգային մոտեցումը, որը վերջին շրջանում խթանում է գործադիր տնօրեն Դեն Շուլմանը: Այն ժամանակ, երբ եվրոպական ֆինտեխ ստարտափները հաճախորդներին առաջարկում են շատ յուրահատուկ, բավականին նեղ ծառայությունների փաթեթ, PayPal-ը նպատակ ունի ստեղծել WeChat-ին կամ Alipay-ին նման սուպերհավելված։
AppAnnie-ի մասնագետները նշում են նաեւ ավանդական բանկային շուկայի թվայնացման աճը: Գործակալությունը վերլուծել է Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում բջջային հավելվածներում օգտատերերի ծախսած ընդհանուր ժամանակի տվյալները, որոնց արդյունքները վկայում են ազգային մակարդակում խոշոր բանկերի կայուն առաջնորդության մասին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Աղբյուրը՝ Banks.am