Cryptocurrency Prices by Coinlib

PayPal-ի ղեկավարը խոսել է «հաջորդ սերնդի ենթակառուցվածքի» ստեղծման մասին

paypal d5ab d5b2d5a5d5afd5a1d5bed5a1d680d5a8 d5add5b8d5bdd5a5d5ac d5a7 d5b0d5a1d5bbd5b8d680d5a4 d5bdd5a5d680d5b6d5a4d5ab d5a5d5b6d5a9 60474ebfbbac1
PayPal-ը ձգտում է ստեղծել սուպերհավելված եւ ձերբազատվել կրիպտոարժույթների ոլորտի հետ կապված՝ «գնիր, վաճառիր ու պահպանիր» սովորական մոտեցումից: Այս մասին Decrypt պորտալին տված հարցազրույցում ասել է վճարային համակարգի գլխավոր տնօրեն Դեն Շուլմանը (Dan Schulman), հաղորդում է Bloomchain.ru-ն:

Փետրվարի սկզբին PayPal-ը հայտարարեց նոր ստորաբաժանում ստեղծելու մասին, որը կենտրոնանալու է կրիպտոարժութային բիզնեսի զարգացման վրա: Շուլմանը պարզաբանել է, որ նոր կառույցի հիմնական նպատակը «հաջորդ սերնդի ենթակառուցվածքի ստեղծումն է», ինչպես նաեւ «թվային արժույթների արդյունավետության բարձրացումը»:

PayPal-ի տեխնիկական մասնագետների մի մասը տեղափոխվել է նոր ստորաբաժանում, իսկ վերջինիս կառավարմամբ զբաղվում է խորհրդատվական խորհուրդը, որի կազմում են «տեխնոլոգիաների, կրիպտոարժույթի եւ կարգավորող ոլորտների փորձագետներ»:

Վճարային համակարգի տնօրենի խոսքով՝ իրենք արդեն փորձարկում են սմարթ պայմանագրերը, ինչպես նաեւ թեստավորում են Ethereum-ը եւ այլ բլոկչեյն ցանցեր՝ հասկանալու համար, թե որ հարթակի վրա է ավելի լավ ձեւավորել ենթակառուցվածքը:

«Ես իսկապես կարծում եմ, որ կրիպտոարժույթի հետ կապված որոշ բազային տեխնոլոգիաներ, ըստ էության, այն տեխնոլոգիաները, որոնց վրա ուշադրություն են դարձնում կենտրոնական բանկերը, կարող են արդիականացնել ֆինանսական համակարգի ենթակառուցվածքն այնպես, որ մենք ապրենք ավելի ներառական հասարակությունում»,- ասել է Շուլմանը:

Այնուամենայնիվ, նա չի կարծում, որ PayPal-ը կմիանա այն ընկերություններին, որոնք վերջերս իրենց կապիտալի մի մասը ներդրել են բիթքոինում: Նա պարզաբանել է, որ իրեն դուր չի գալիս կրիպտոարժույթի փոփոխականությունը: Բացի այդ, PayPal-ը ցանկանում է գումար խնայել հեռանկարային ձեռքբերումների համար, այդ թվում ՝ կրիպտոարժութային ոլորտում:

Փետրվարի կեսին ներդրողների հետ շփվելիս՝ Շուլմանն ասել է, որ PayPal- ը ցանկանում է իր առանձին առաջարկները համախմբել միասնական էկոհամակարգի մեջ: Որպես օրինակ՝  նա բերել է չինական սուպերհավելվածները, ինչպիսիք են WeChat-ը եւ Alipay-ը: Վճարային համակարգի սուպերհավելվածում կարող են ներառվել բաժնետոմսերի առեւտրի ծառայությունը, բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվների հետ աշխատելու գործիքները, հաշիվների վճարումն ու չեկերի կանխիկացումը:

Շուլմանը պատմել է, որ ներկայումս նման էկոհամակարգերն արագորեն զարգանում են: Նա նաեւ նշել է, որ PayPal-ն այսօր սպասարկում է ավելի քան 377 մլն թվային դրամապանակ: Ընկերությունն աշխատում է վճարային գործիքների լայն տեսականին մեկ հավելվածի մեջ համախմբելու ուղղությամբ: Դրա մեջ, ամենայն հավանականությամբ, կներառվեն նաեւ կրիպտոարժութային ծառայություններ:

Աղբյուրը՝ Banks.am