Cryptocurrency Prices by Coinlib

Միջազգայնագետ Անին «զրոյից» Փափուկ բիզնես է սկսել

d5b4d5abd5bbd5a1d5a6d5a3d5a1d5b5d5b6d5a1d5a3d5a5d5bf d5a1d5b6d5abd5b6 d5a6d680d5b8d5b5d5abd681 d683d5a1d683d5b8d682d5af d5a2 604279346661a

Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am«Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

31-ամյա Անի Խոյեցյանը 2019-ին հիմնել է Papuk Home բրենդը, որը ներկայացնում է առանց կմախք կահույք՝ փափուկ բազկաթոռներ, պուֆեր ու դեկորատիվ բարձեր։ Միջազգայնագետ Անին Ֆրանսիայում տարիներ շարունակ սովորելուց եւ դասավանդելուց հետո 2018-ին վերադարձել է Հայաստան ու իր ամբողջ ժամանակը նվիրել սեփական բիզնեսի զարգացմանը:

Վերադարձ տուն

Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետ՝ ընդունվել մագիստրատուրա, իսկ երկրորդ տարվանից տեղափոխվել Ֆրանսիա՝ շարունակելով կրթությունս Թուլուզի քաղաքագիտական համալսարանում: Նույն համալսարանում շարունակել եմ նաեւ ասպիրանտուրան: Ֆրանսիայում սովորելու ընթացքում դասավանդել եմ, զուգահեռ աշխատել գրադարանում:

Ութ տարի Ֆրանսիայում ապրելուց հետո, երբ ավարտեցի ասպիրանտուրան, վերադարձա Հայաստան, քանի որ այլեւս Ֆրանսիայի հետ կապող բան չունեի: Հայաստանում փորձել եմ իմ մասնագիտությամբ աշխատել, դիտարկել եմ նախարարություններն ու դեսպանատները, սակայն աշխատավարձերի տարբերությունն ինձ համար այնքան կտրուկ էր, որ հրաժարվեցի մասնագիտությամբ աշխատելու մտքից: Որոշեցի Ֆրանսիայում օնլայն դասավանդումը շարունակել, իսկ այստեղ՝ բիզնեսով զբաղվել:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ծնողներս Երեւանում բնակարաններ ունեն, որոնք երկարաժամկետ վարձակալության էին հանձնում: Նրանց առաջարկեցի, որ Airbnb կայքով բնակարաններն օրավարձով վարձակալության հանձնեմ: Մեկ տարուց ավելի զբաղվեցի վարձակալության բիզնեսով. ինքս էի հյուրերին դիմավորում, ընդունում, բնակարանները մաքրում: Արդյունքում՝ ընտանեկան այս եկամուտը քառապատկվեց, որի կեսն ինձ էր մնում, իսկ ծնողներիս փոխանցում էի նախկին գումարի կրկնակին:

Մի կտորի պատմություն

Ընկերներիցս մեկը, որ կահույքի արտադրամաս ունի, մի անգամ ինձ բարձրորակ կտոր նվիրեց, որպեսզի այս տներից մեկի համար դեկորատիվ բարձեր պատրաստեմ:

Ինքս չեմ կարում, կարի հետ երբեւէ կապ չեմ ունեցել: Մեր բակում աշխատող դերձակին դիմեցի, որ կարի: Որոշեցի՝ ես չափեմ-ձեւեմ, որպեսզի կտորի ավելորդ կորուստներ չունենամ. իսպանական տեքստիլ էր՝ 1 մետրը 30 000 դրամ արժողությամբ:

Տան համար ինձ ընդամենը չորս բարձ էր հարկավոր. բավականին շատ կտոր ավելացավ, ես էլ որոշեցի հավելյալ բարձեր պատրաստել ու վաճառել: Կրկին ինքս ձեւեցի ու տվեցի մեր բակի դերձակին կարելու (ամեն բարձի համար վճարել եմ մի քանի հարյուր դրամ):


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս գործում ընդհանրապես փորձ չունեի, հասարակ ուղղանկյուն ձեւել-կտրելու վրա 5-6 ժամ էի ծախսում ու անկարողությունից, երբեմն, լաց լինում: Նվեր ստացած կտորից 20 հատ բարձ ստացվեց, նույն ընկերոջս խնդրեցի իր արտադրությունում ավելացած մանր-մունր մի քանի կտոր եւս նվիրել, որ տեսականի ունենամ:

Քանի որ սա իմ առաջին բիզնեսն էր լինելու, ցանկացա պրոֆեսիոնալ ներկայանալ ու որոշեցի նաեւ լոգո ունենալ: Կրկին ընկերներիցս մեկի օգնությանը դիմեցի՝ խնդրելով լոգո պատրաստել:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Papuk Home-ի գաղափարը 45 րոպեում որոշեցինք, պատկերացում անգամ չունեի, որ շատ կարճ ժամանակ հետո սկսելու եմ նաեւ փափուկ բազկաթոռ վաճառել:

Առաջին բիզնես էջը բացել եմ Instagram-ում 2019-ի սեպտեմբերին: Բարձերի նկարներն ինքս եմ արել՝ յուրաքանչյուրի մշակման վրա ծախսելով 2-3 ժամ:

Մարդ-նվագախումբ

Նվեր կտորը սկզբնական շրջանում ինձ շատ օգնեց բիզնեսում: Ինչ աշխատում, ծախսում էի հումք գնելու վրա: Եկամուտ առաջին ամիսներին չեմ ունեցել, բայց երբեւէ «մինուսով» չեմ աշխատել:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բացի կարից, ամեն ինչ ես էի անում՝ մոդելավորում, ձեւարարություն, ապրանքի վերջնական պատրաստում, սոցցանցերի էջերի մշակում, հաճախորդների սպասարկում, մարքեթինգ, հաշվապահություն, նկարահանում։

Պատվերն առաքում էի իմ մեքենայով, երբեմն էլ օգտվում էի առաքման ծառայություններից: Հաճախորդներին ներկայանում էի որպես առաքիչ՝ իբրեւ մենք մեծ թիմ ենք, իսկ նամակներին մեկ այլ մարդ է պատասխանել (ծիծաղում է — հեղ.):


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գործից կիլոմետրերով հեռու

Բարձերը սկիզբն էին. հասկացա, որ բիզնեսի համար պետք է ավելի լուրջ վաճառվող ապրանքատեսակ: Աչքովս պուֆերն ընկան:

Նույն դերձակին բացատրեցի, թե ինչ եմ ուզում, ու ստացանք բազկաթոռանման մոդելը, որը Հայաստանի համար նորություն էր. այստեղ տարածված են տանձանման մոդելները:

Այնքան հեռու էի այս գործից, որ նույնիսկ չգիտեի, թե ինչ է պուֆի ներսի հումքը: Առաջին շերտը դերձակի հետ ստանալուց հետո բարձերի համար նախատեսված սինտիպոն լցրի կտորի մեջ, նստեցի ու կպա հատակին: Պարզվեց՝ պենոպլաստե գնդիկներ պետք է օգտագործեի:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Յուրաքանչյուր մոդել ձեւավորել ենք զրոյից, երբեւէ պատրաստի նմուշ չենք վերցրել: Վերջնական արդյունքը ստանալու համար կարող էինք նույն մոդելի վրա 2-3 ամիս աշխատել։

Բիզնեսը՝ տնից դուրս

Տան պայմաններում արտադրությունը կազմակերպելուց ընդամենը ութ ամիս անց բացեցի արտադրամաս-ցուցասրահը, որ գտնվում է Գարեգին Նժդեհ հրապարակի մոտակայքում։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Տարածքը վարձակալել եմ, միայն ցուցասրահի վերանորոգումն եմ արել՝ ծախսելով մոտ 500 000 դրամ՝ արտաքին գովազդի, վերանորոգման ու կահավորման վրա: Այս գումարը ներդրել եմ ամիսների ընթացքում՝ բիզնեսից ստացված եկամուտից:

Երկար ժամանակ ունեցել ենք փափուկ բազկաթոռների մոդելներ՝ տանձանման ու բազկաթոռանման, այս տարվանից ներկայացնում ենք մոդուլային կահույք տարբերակը՝ բազկաթոռ-բազմոցը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սա նոր սերնդի պրակտիկ, հարմարավետ, թեթեւ ու փափուկ կահույք է, որը դեռեւս ճանաչում չունի Հայաստանում։ Մինչդեռ ժամանակակից աշխարհը կամաց-կամաց հրաժարվում է ծանր եւ բարդ կահույքից:

Թիմը

Արդեն ունեմ օգնականներ, թեպետ մեծ մասը հեռակա աշխատակիցներ են՝ դերձակներ, դիզայներներ, առաքիչներ, հաշվապահ։

Հիմնական թիմում երկուսն ենք՝ ես եւ Լիլիթը, որն այժմ օգնում է ինձ արտադրամասում:


Աշխատակից Լիլիթը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հասկացել եմ, որ բիզնեսի մեջ շատ կարեւոր է պարտականություններ կիսելը. չէ՞ որ ֆիզիկական աշխատանքից հնարավոր է այնքան հոգնես, որ ստեղծարար որեւէ մտքի էներգիա չունենաս: Իսկ դրա հետեւանքով տուժում է բիզնեսը:

Ի դեպ, բիզնեսը հիմնելուց հետո այլեւս չեմ զբաղվում անշարժ գույքի վարձակալությամբ։ Այս տարվանից դադարացրել եմ նաեւ օնլայն դասավանդումը. իմ ամբողջ ժամանակն ու էներգիան ներդնում եմ Papuk Home-ում:

Ոչ թե պուֆ, այլ՝ փափուկ բազկաթոռ

Papuk Home-ից հետո շուկայում շատերը հասկացան, որ փափուկ բազկաթոռների արտադրության այս գործը կարող է առանձին ճյուղով զարգանալ, քանի որ սրանով զբաղվում էին հիմնականում կահույքագործերները, երբ ավելացած հումքով պուֆեր էին կարում ու ոչ ներկայանալի վաճառում:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մենք փորձեցինք կոտրել այն կարծրատիպը, որ պուֆերը սրճարանների ու փաբերի հատակին գցած անորակ բաներ են, ու դրանք ներկայացրինք որպես տան կահույքի մաս:

Փափուկ բազկաթոռների գինը տատանվում է 35 000-ից 50 000 դրամի սահմաններում։

Կարեւոր խորհուրդներ

Բիզնեսում հաջողության հասնելու համար շատ կարեւոր է գովազդին մեծ ուշադրություն դարձնելը: Առաջին օրվանից մինչեւ հիմա գովազդի վրա բավական մեծ գումար ենք ծախսում, քանի որ վաճառքն իրականացնում ենք սոցցանցերով. ցուցասրահ մարդիկ գալիս են նմուշները նայելու, շոշափելու համար:


Ամալին զրուցում է Անիի հետ

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նաեւ հասկացել եմ, որ բիզնեսը թուղթ ու գրիչն է: Եթե չգրեցիր, ուրեմն իմացիր՝ դու «բզբզում» ես: Թուղթ ու գրիչ ասելով՝ նկատի ունեմ to do (անելիքների) ցուցակ, մուտք ու ելքի գրանցում եւ հաշվապահություն, որ իմանաս քո շարժը: Ամենահաճելի բանը տարվա վերջում գրածիդ նայելն է ու տեսնելը, թե ինչ աճ ես ունեցել․ դա է քեզ բիզնեսում մոտիվացնում: Եթե չգրես, հնարավոր է քեզ թվա, թե փող ես աշխատում, բայց իրականում դու ավելի շատ ներդնում ես:

Բիզնեսը՝ միշտ սրտում

Չգիտեմ էլ, թե որտեղից է եկել բիզնեսի նկատմամբ այդքան մեծ հետաքրքրությունս. դեռ Ֆրանսիայում սովորելու տարիներից եմ սկսել բիզնեսով հետաքրքրվել, երբ ֆրանսիական ցուցասրահներում հայ նկարիչների գործերն էի ներկայացնում ու վաճառում։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեր ընտանիքում էլ բիզնեսով զբաղվով մարդ չենք ունեցել, բոլորն ակադեմիական ոլորտից են, հայրս ակադեմիկոս է, մայրս՝ պրոֆեսոր:

Երբեւէ չեմ ափսոսացել, որ 11 տարի սովորելուց ու կրթական տարբեր աստիճաններ ստանալուց հետո այժմ մասնագիտությամբ չեմ աշխատում: Բիզնեսի մեջ օգտագործում եմ բոլոր այն հմտությունները, որ ձեռք եմ բերել սովորելու տարիներին: Պետք չէ ափսոսել, որ կրթություն ես ստացել, քանի որ ամեն պահի դու ավելի ուժեղ ես դիմացինից, որը նույն գործն է անում, բայց չունի այդ կրթությունը:

30 տարի հետո ինձ կրկին բիզնեսում եմ պատկերացնում՝ հատկապես արտադրական ոլորտում, քանի որ մեծագույն հաճույք եմ ստանում ստեղծագործական պրոցեսից:

Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը

Աղբյուրը՝ Banks.am