Cryptocurrency Prices by Coinlib

Մեկնարկել է Erickson Armenia-ի քոուչինգին նվիրված հերթական դասընթացը

d5b4d5a5d5afd5b6d5a1d680d5afd5a5d5ac d5a7 erickson armenia d5ab d684d5b8d5b8d682d5b9d5abd5b6d5a3d5abd5b6 d5b6d5bed5abd680d5bed5a1d5ae d5b0 604225508a86f
Մարտի 4-ին մեկնարկել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի ավարտական եռօրյա դասընթացը:

Միջազգային արդիական միտում է քոուչինգի մեծ տարածումը նաեւ կրթության ոլորտում. քոուչինգ տեխնիկաների կիրառման միջոցով բարձրանում է ուսուցանողների աշխատանքի արդյունավետությունը:

«Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի դասընթացի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով հանդես է եկել բացման խոսքով:

«Ուրախ եմ, որ Հայաստանում եւս սկսում է տարածում գտնել քոուչինգը, որը հատկապես կարեւորվում է կրթության ոլորտում: Քոուչինգային տարբեր մոտեցումներ ու մեթոդներ օգտակար կարող են լինել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության դաշտերում, քանի որ օգնում են բացահայտել սովորողների ներուժը, այն ծառայեցնել ինքնազարգացմանը եւ միտված են ավելի որակյալ, սովորողակենտրոն եւ արդյունավետ կրթություն ապահովելուն: Վստահ եմ, որ կրթական ոլորտի ներկայացուցիչները բարձր որակավորված դասընթացից հետո իրենց գիտելիքները, հմտություններն ու քոուչինգ սկզբունքներն արդյունավետորեն կկիրառեն աշխատանքում»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ հավելելով, որ քոուչինգի հետագա զարգացման համար կարեւոր է Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող քոուչինգի կենտրոնի առկայությունը:

Քոուչը գործընկեր է, ով օգնում եւ աջակցում է որոշումների կայացման ու դրանց իրականացման գործընթացում: Որակավորված քոուչ դառնալու համար հարկավոր եւ պարտադիր են Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից  հավատարմագրված դասընթացները: Այժմ Հայաստանում գործում է ICF-ի կողմից հավատարմագրված  Erickson Internatioanl Coaching դպրոցի հայաստանյան ներկայացուցչությունը՝ Erickson Armenia-ն:  

Հայաստանում Erickson International-ի պաշտոնական ներկայացուցիչ, որակավորված քոուչ (PCC), կառավարման որակավորված խորհրդատու Նանա Հովհաննիսյանը նշել է, որ քոուչինգն իր մեծ դերն ունի բոլոր ոլորտներում. «Վերջին շրջանում այն արագորեն տարածվում է նաեւ կրթության ոլորտում, քանի որ փորձը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է դառնում աշխատանքը: Ուրախ եմ, որ կրթական դաշտում քոուչինգը կարեւորվում է պետական մակարդակով»։

ICF-ի կողմից որակավորված (MCC) քոուչ, Erickson International-ի մասթեր-թրեյներ Օլգա Բատում Ֆետիսովան էլ հավելել է, որ ուսուցիչների կողմից քոուչինգի կիրառման արդյունքում սովորողները սկսում են գիտակցել ուսման գործընթացի նկատմամբ իրենց պատասխանատվությունը եւ ունենում են առաջ գնալու իրենց մոտիվացիան.

«Հետաքրքիր է՝ քոուչն աշխատում է դասավանդողի հետ, իսկ արդյունքում բարձրանում է սովորողի առաջադիմությունը: Դասավանդողներն օրինակ են երեխաների համար: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի նրանք նախ հասկանան իրենց դերն ու կարեւորությունը կրթության գործընթացում եւ իրենց միջավայրը դիտարկեն ավելին, քան պարզապես դպրոց կամ բուհ: Մյուս կողմից էլ դասավանդողի կողմից կիրառվող քոուչինգ մեթոդներն օգնում են բացահայտել յուրաքանչյուր սովորողի հնարավորություններն ու ներուժը, զարգացնել ուժեղ ու մրցունակ կողմերը եւ սովորողների շրջանում ձեւավորել հաջողելու մտածելակերպ»:

Erickson Armenia-ի  դասընթացի առաջին փուլը տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերին:  Ծրագիրն ավարտողները ստանում են ERICKSON-ի որակավորում, ինչպես նաեւ կարող են դիմել Քոուչինգի միջազգային ֆեդերացիա՝ ACC (Associate certified coach) հավատարմագրում ստանալու նպատակով:

Աղբյուրը՝ Banks.am