Նման հարկի հայտնվելու հնարավորության հարցը քննարկվել է անցած շաբաթ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի հետ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը, գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով հանդիպման մասնակիցներին:
«Նոր հարկը մի գործընթաց է, որն ընդգրկված է ոլորտի աջակցության միջոցառումների երկրորդ փաթեթում եւ որի ծածկագիր անվանումն է «Թվային հարկ»: Ենթադրվում է՝ ՌԴ տարածքում ռուսաստանցիների տվյալներն օգտագործող եւ գովազդային քաղաքականություն ձեւավորող ընկերություններից լրացուցիչ միջոցներ գանձել: Օրինակ, ցանցում օգտատիրոջ վարքագիծը վերլուծելով՝ կոնտեքստային գովազդ իրականացնելու համար»,- ասել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Հավաքված միջոցները կուղղվեն Ռուսաստանի ՏՏ ոլորտին օժանդակելուն, ասել է «Վեդոմոստի»-ի աղբյուրը:
«Թվային հարկի» հնարավոր ներդրման մասին տեղեկատվությունը հաստատել է Չերնիշենկոյի հանդիպման մեկ այլ մասնակից: Նա հավելել է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ ԱԱՀ-ով արդեն իսկ հարկվող միջոցների վերաբաշխման հնարավորությունն արտասահմանյան կազմակերպությունների կողմից էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համար, որը հայտնի է որպես «Google-ի հարկ»: Այն կիրառվում է 2017-ից եւ տարածվում է այն թվային ընկերությունների վրա, որոնք հեռավար միջոցով Ռուսաստանում վաճառում են խաղեր, տվյալների բազաներ եւ ծրագրային այլ պրոդուկտներ:
Աղբյուրը՝ Banks.am