Cryptocurrency Prices by Coinlib

ՊԵԿ-ը շուրջ $45 մլն արժեքով հերոինի տեղափոխման դեպք է բացահայտել

d5bad5a5d5af d5a8 d5b7d5b8d682d680d5bb 45 d5b4d5acd5b6 d5a1d680d5aad5a5d684d5b8d5be d5b0d5a5d680d5b8d5abd5b6d5ab d5bfd5a5d5b2d5a1d683 603f65a2ec1d0
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք:

Երեւանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ $45 մլն է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արեւմտյան Եվրոպա:

Հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ եւ բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 եւ 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։ ԱԱԾ հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց եւ զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ` միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից:

Աղբյուրը՝ Banks.am