Cryptocurrency Prices by Coinlib

ANIF-ն ու «Երեմյան Փրոջեքթս»-ը համատեղ ներդրումային ծրագիր կիրականացնեն

anif d5b6 d5b8d682 d5a5d680d5a5d5b4d5b5d5a1d5b6 d683d680d5b8d5bbd5a5d684d5a9d5bd d5a8 d5b0d5a1d5b4d5a1d5bfd5a5d5b2 d5b6d5a5d680 603cfb8aaaf10
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) կողմից հիմնադրված «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը հաստատել է առաջին ներդրումային ծրագիրը։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում նշել են, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կազմակերպության Վայոց Ձորի տավարաբուծական ֆերմայում անասնակերի մատակարարման գործընթացի արդյունավետության ապահովմանը։

«Արցախյան պատերազմից հետո ԱՀ տարածքից արտադրանքի ձեռքբերումը դարձավ անհնարին, իսկ տեղական շուկայի առաջարկն իր որակական հատկանիշներով չի համապատասխանում ընկերության պահանջներին, ուստի «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր գյուղատնտեսական նախագծերի շարունակականությունն ապահովելու նպատակով ներգրավվեց այս նախագծում։

Ծրագիրն ուղղված է Արմավիրի մարզում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից  բարձրորակ անասնակեր աճեցնելու նպատակով 225 հա հողատարածքի եւ համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը: Նշված ծրագրի արդյունքները շղթայական ազդեցություն կունենան եւ կնպաստեն «Երեմյան Փրոջեքթս»-ի մի շարք բիզնես նախագծերի շարունակականության, կայուն գործառնման եւ զարգացման, մատակարարման գործընթացի կայունության ապահովմանը, ինչպես նաեւ վերջնական սպառողի համար շուկայական գների  աճի զսպմանը»,- հայտնել են ֆոնդում։

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն  Բելլա Մանուկյանը վստահություն է հայտնել, որ համատեղ իրականացվելիք ներդրումային ծրագիրը կապահովի ընկերության կողմից արդեն իսկ գրանցած հաջողությունների շարունակությունը՝ բերելով պետության համար զգալի օգուտներ:

«Այս նախագիծը թույլ է տալիս ամբողջացնել մեր «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը, որով առաջնորդվում է ընկերությունը: Սերմից ստանում ենք անասնակերը, որը համապատասխան վերամշակում անցնելով կերախոհանոցում՝ մատակարարվում է ֆերմաներում պահվող կենդանիներին։ Մսամթերքն ու կաթնամթերքը ֆերմաներից տեղափոխվում են «Արցախ» խոհանոց-գործարան՝ անցնելով անհրաժեշտ մշակումները, մատակարարվում ռեստորաններ, հանձնվում մեր հմուտ ու տաղանդավոր խոհարարներին։

Այս ծրագրի շնորհիվ մենք արդեն կկարողանանք մեր հողատարածքը համապատասխան սարքավորումներով եւ մեթոդներով մշակել, իրականացնել սերմի պատշաճ ընտրությունը, ապահովել ցանքը, մշակումը եւ ճիշտ ժամանակին ու ճիշտ ձեւով իրականացնել քաղը։

Արդյունքում մեր ֆերմաների կենդանիները կստանան բարձրարժեք, սննդարար, առողջ եւ էկոլոգիապես մաքուր սնունդ։ Իսկ մենք կկարողանանք վերահսկել մեր ռեստորանների ուտեստների եւ Yeremyan Products-ի կաթնա եւ մսամթերքի որակը»,- նշել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Նախագծի իրականացման համար ներդրման ընդհանուր արժեքը մոտ 1,1 մլրդ դրամ է։ Ֆոնդի կողմից ներդրումն իրականացվելու է 1+1+2 տրամաբանությամբ․ հավասարաչափ ներդրումներ կլինեն բիզնես գործընկերոջ եւ ֆոնդի կողմից եւ կներգրավվի առեւտրային բանկից երկու կողմերի ներդրման չափով վարկային ռեսուրս։ Ծրագիրը ֆինանսավորող բանկ է հանդիսանում ԱԿԲԱ բանկը։ Ներդրման արդյունքում ակնկալվում է ավելի քան 420 մլն դրամ մուտք պետբյուջե՝ հարկերի տեսքով։
     
Այս ներդրումային ծրագրի արդյունքում հնարավոր դարձած՝ արտերկրից ներգրավված լավագույն տեխնիկան ու մասնագետները նոր մոտեցում եւ մշակույթ կներդնեն անասնակերի աճեցման բիզնեսում՝ ոլորտում ստեղծելով նոր գործելաոճ եւ սահմանելով բարձր նշաձող։ Իսկ ծրագրի անուղղակի էֆեկտները կներառեն բերքի կանխատեսելի քանակի ապահովումը, ապրանքի գների կայունությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ներմուծման փոխարինելիությունը, պետության համար հարկային մուտքերի ավելացումը։

Աղբյուրը՝ Banks.am