Ներկայումս HSBC-ն աշխատում է 64 երկրում, սակայն իր շահույթի հիմնական մասը ստանում է Հոնկոնգում եւ մայրցամաքային Չինաստանում իրականացվող գործառնություններից:
«HSBC-ն հայտնվել է բարդ իրավիճակում՝ Չինաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառով, մասնավորապես՝ Պեկինի կողմից Հոնկոնգի համար ազգային անվտանգության մասին օրենքի ներդրման հետեւանքով: Բրիտանացի օրենսդիրները քննադատեցին HSBC Holdings Plc-ի գլխավոր գործադիր տնօրեն Նոել Քուինին այն դիրքորոշման համար, որով բանկն աջակցեց այս օրենքի ներդրմանը»,- գրում է պարբերականը:
«HSBC-ն իր բիզնեսի առանցքային մասը տեղափոխում է Ասիա, այդ թվում` կառավարման կենտրոնը: Բանկը կպահպանի իրավաբանական գրանցումը Լոնդոնում, սակայն, կարծում եմ, որոշ ղեկավարների համար կարեւոր է ավելի մոտ լինել այն վայրին, որտեղ աճ կա»,- նշել է Քուինը:
Նրա խոսքով՝ HSBC-ն «կդադարի փորձել լինել ամեն ինչ բոլորի համար» եւ կկենտրոնանա գերակա ուղղությունների, այդ թվում՝ Ասիայի մեծահարուստ հաճախորդների սպասարկման շուկայում առաջատար դառնալու վրա: HSBC-ն իր համար առանցքային է համարում նաեւ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են Հոնկոնգում եւ Մեծ Բրիտանիայում հաճախորդների մանրածախ բանկային սպասարկումը, դեպի Ասիա կապիտալի շարժի եւ ասիական երկրների միջեւ միջսահմանային առեւտրի խթանումը: Բանկն ակնկալում է, որ առաջիկա 3-6 տարիների ընթացքում իր կապիտալի կեսը կլինի Ասիայում:
«HSBC-ն նախատեսում է վաճառել ԱՄՆ-ում մանրածախ ստորաբաժանումը, որը 2020թ.-ին $547 միլիոնի վնաս է կրել հարկումից առաջ: Բացի այդ, բանկը բանակցում է վնասաբեր ֆրանսիական բիզնեսի վաճառքի շուրջ, որից փորձում է ազատվել առնվազն 2019թ.-ից:
2020-ին HSBC-ի զուտ շահույթը նվազել է 35%-ով՝ մինչեւ $3,9 մլրդ: Իսկ տարեկան եկամուտը պակասել է 10%-ով՝ մինչեւ $50,4 մլրդ»,- նշում է պարբերականը:
Աղբյուրը՝ Banks.am