Cryptocurrency Prices by Coinlib

Երեւանի շոկոլադի գործարանը նախատեսում է այս տարի քառապատկել արտահանումը

d5a5d680d5a5d682d5a1d5b6d5ab d5b7d5b8d5afd5b8d5acd5a1d5a4d5ab d5a3d5b8d680d5aed5a1d680d5a1d5b6d5a8 d5b6d5a1d5add5a1d5bfd5a5d5bdd5b8 6033880ecdd9c
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Երեւանի շոկոլադի գործարան եւ հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանի հետ քննարկել գործարանի զարգացման ծրագիրը։

Գործարանի տնօրենն ասել է, որ ծրագրի իրագործմանը խոչընդոտող որոշ խնդիրներ կան, որոնցից մեկը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, եւ խնդրել նախարարության աջակցությունը։

Գործարանն առաջիկայում նախատեսում է իրականացնել խոշոր ներդրումներ՝ արտադրական եւ պահեստային տարածքների ընդլայնման եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար։

Երեւանի շոկոլադի գործարանը թողարկում է 160 անուն արտադրանք եւ արտահանում 16 երկիր (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Նիդերլանդներ)։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ գործարանի իրացման ծավալները 2019 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 30%-ով, սակայն 2020 թվականին դժվարություններ է կրել եւ արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։ Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100,0 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։

«Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության եւ իրացման ծավալները եւ կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը եւ քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ $6․0 մլն-ի, իսկ 2024 թվականին արտահանման ծավալները նախատեսվում է հասցնել շուրջ $20․0 մլն-ի»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ Banks.am