Cryptocurrency Prices by Coinlib

Քոուչինգ՝ ներդրում արդյունքի համար, արդյունքի մեջ

d684d5b8d5b8d682d5b9d5abd5b6d5a3d59d d5b6d5a5d680d5a4d680d5b8d682d5b4 d5a1d680d5a4d5b5d5b8d682d5b6d684d5ab d5b0d5a1d5b4d5a1d680 d5a1 601d027492e79

«Ասում են՝ մեր մտքերը զորեղ են. երբ որեւէ իրավիճակում մտածում եւ տրամադրվում ես դեպի լուծումակենտրոնություն եւ աճ, էներգիան եւս հոսում է դրանց ուղղությամբ: Քոուչինգն օգնում է տեսնել ու գտնել  դրականը, խնդիրների լուծման տարբերակներն ու արդյունավետ ուղիները: Մարդը պարզապես դառնում է իր իսկ առաջնորդը, օգնականն ու խորհրդատուն, եւ պատասխանատվություն վերցնում իր կյանքի ու ապագայի հանդեպ»,- Նանա Հովհաննիսյան՝ Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), Գործադիր (Executive) եւ թիմային քոուչինգի որակավորված մասնագետ, բիզնեսի կառավարման որակավորված խորհրդատու: Banks.am-ի հետ զրույցում Նանան պատմում է նաեւ քոուչինգի կարեւորության, թիրախային առանձնահատկությունների, մեթոդների եւ արդյունավետության մասին:

Քոուչինգի տարբեր տեսակներ թե՞ մեկ ամբողջական գործիքակազմ

Սովորաբար տարանջատում են քոուչինգի մի քանի ուղղություններ՝ executive-քոուչինգ բիզնես-քոուչինգ, լայֆ-քոուչինգ, եւ այլն: Իրականում՝ քոուչինգը կարողունակությունների եւ գործիքների ամբողջությունն է, եւ այդ կարողունակությունները զարգացնելով ու գործիքներին տիրապետելով, կարելի է աշխատել եւ´ բիզնեսի, եւ´ անձնական խնդիրների լուծման ուղղությամբ: Ավելի հաճախ շփոթում են ոչ թե քոուչինգի տեսակները, այլ հենց քոուչինգը՝ հարակից կամ նման այլ ոլորտների հետ: Օրինակ՝ խորհրդատվություն, մենթորինգ, հոգեբանություն կամ թրեյնինգ: Ըստ էության, դրանց բոլորի վերջնանպատակը ցանկալի արդյունքի հասնելն է, սակայն սրանք բոլորը միմյանցից  տարբերվում են ամենակարեւորով՝ մեթոդաբանությամբ եւ աշխատանքի գործիքակազմով:

Եթե ցանկանում եք ստանալ գիտելիք ուրեմն ձեզ անհրաժեշտ է թրեյնինգ, եթե ցանկանում եք փորձի փոխանակում, փորձի վրա հիմնված հաղորդակցում, ուրեմն՝ մենթորինգ, եթե որոշակի վերլուծությունների հիման վրա արված խորհուրդներ, ապա՝ խորհրդատվություն: Իսկ եթե ցանկանում եք գտնել ձեր ներքին ուժը, լույսն ու ռեսուրսը, դրանք արդյունավետորեն օգտագործել խնդիրների լուծման եւ նպատակներին հասնելու համար, գտնել ձեր իսկ համապատասխան ուղին եւ ձեւավորել լուծումնակենտրոն վարք ու մտածելակերպ, ուրեմն ձեզ անհրաժեշտ է քոուչինգ:

Executive կամ առաջին դեմքերի քոուչինգ. ո՞ւմ եւ ինչի՞ համար

Executive coach-ն աշխատում է կազմակերպության առաջին դեմքի, ղեկավարի, կամ ինչպես ընդունված է ասել՝ C մակարդակի (C level) անձանց հետ: Այսպիսի մակարդակի համագործակցությունում քոուչը sparring partner է: Նա մի կողմից տեսնում է անձի ներուժն ու հնարավորությունը, հավատում է վերջինիս ուժերին, հավատում է, որ նա «կարող է», մյուս կողմից քոուչը մարտահրավեր է նետում ավելիին հասնելու եւ ձգտումը խթանելու համար:

Սովորաբար բարձր օղակի, ղեկավար կազմի մարդիկ հաճախ չեն կիսվում իրենց խնդիրներով, իրենց մտքերով ու մտավախություններով: Եվ հենց քոուչի կողմից տրվող հարցերի շնորհիվ հաջողվում է բացահայտել ներքին խոչընդոտները, եւ ղեկավար անձի ներուժն ու ռեսուրսն ուղղել դեպի զարգացում, գտնել լուծումներ, հստակ տեսնել ցանկալի ապագան ու շարժվել այդ ուղղությամբ: Եթե executive coaching-ը դիտարկենք իր ֆունկցիոնալության տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ այն համակարգային մոտեցում է անհատի անձային զարգացմանը, ինչից  անմիջականորեն կախված է կազմակերպության աճն ու զարգացումը: Ղեկավարների հետ աշխատելիս քոուչերը հաշվի են առնում հատկապես այն, որ վերջիններիս հետ աշխատանքն է բերում կազմակերպություններում էական փոփոխությունների: Մարդիկ եւ կազմակերպություններն այժմ նախընտրում են աշխատել քոուչերի հետ՝ օգնելու գտնել այնպիսի պատասխաններ, որոնք  արտաքին աղբյուրներից ստանալը բարդ է:

Իսկ ղեկավարները պատասխաններ փնտրում են տարբեր մակարդակներում: Հիմնականում քոուչի հետ աշխատելիս նրանք նպատակ են ունենում գտնել ներքին հավասարակշռությունն ու հստակեցել նպատակները, հասկանալ դեպի ո՞ւր եւ ո՞ր ուղղությամբ են ցանկանում շարժվել, հասնել հաջողության եւ արդյունավետության մի նոր մակարդակի, նույնականացնել իրենց եւ կազմակերպության արժեքներն ու նպատակները, ի վերջո՝ պարզել, թե իրենց ներքին «ես»-ն ինչ փոփոխություններ պետք է կրի, եւ ինչպիսի ազդեցություն կունենան դրանք կազմակերպության վրա:

Executive coaching-ն այժմ արագ զարգացող եւ ամենատարածված ուղղություններից մեկն է. կազմակերպությունների ղեկավարները, անհատներն ու բիզնես-ոլորտի մարդիկ արդեն իսկ գիտակցում են դրա արդյունավետությունն ու կարեւորությունը:  


Լուսանկարը՝ Erickson Coaching Armenia

Թոփ ոլորտներ, որտեղ քոուչինգն ամենահաճախն է կիրառվում

Թոփ ոլորտները…բոլոր ոլորտներն են: Որովհետեւ քոուչինգն ամենուր է, դրա կարիքը կա ամենուր: Ամենատարածվածներից՝ օրինակ IT (Տեղեկատվական տեխնոլոգիաներ), բանկային, բիզնես ոլորտներ են, այժմ նաեւ մեծ տարածում ունի կրթական դաշտում, որովհետեւ այս ոլորտի ներկայացուցիչներն արդեն գիտակցում են, թե քոուչինգ տեխնիկաները կիրառելուց հետո որքան  արդյունավետ է դառնում իրենց աշխատանքը: Միջազգային խոշոր եւ առաջատար կազմակերպությունների գլխամասային գրասենյակներն ունենում քոուչինգի ստորաբաժանում եւ քոուչը զբաղվում է այդ  կազմակերպությունում քոուչինգի ու քոուչինգային մոտեցման տարածմամբ: Սա վկայում է այն մասին, որ քոուչինգն ու քոուչ մասնագետը համարվում են առաջնային պահանջվածություն ունեցող բոլոր դաշտերում, իսկ կազմակերպության ղեկավարները սովորում են քոուչինգ, եւ արդեն ներդնում են մշակույթն ու կիրառում իրենց ղեկավարման ռազմավարությունում:  

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբսն ասում է՝ «Մեզ անհրաժեշտ են էմոցիոնալ բանականությամբ լիդերներ, ովքեր կարողանում են ձեւավորել եւ ապահովել միասնական աշխատանք. նրանք ոչ թե կհրամայեն, այլ քոուչինգ կանեն: Նրանց կառաջնորդի ապրումակցումը, այլ ոչ թե էգոն: Թվային հեղափոխությունը կարիք ունի ավելիի. ավելի մարդկային կառավարման»:

Բայց քանի որ հայաստանյան կազմակերպություններում այս աշխատաոճը դեռ այդքան էլ տարածված չէ, իդեալական կլինի, որ քոուչինգ սովորեն հենց կազմակերպության ղեկավարներն ու առաջնորդները: Կարող են սովորել նաեւ HR բաժնի ղեկավարներն ու մասնագետները, ովքեր համապատասխան որակավորում ու սերտիֆիկացված կրթություն ստանալուց հետո ավելի արդյունավետ կդարձնեն կազմակերպության կառավարման մշակույթը:

HR մասնագետների համար քոուչինգ ոճով աշխատելը մեր օրերում կարեւոր է առավել քան երբեւէ: Այսօր, երբ մարտահրավերներն ամենուր են, մենք օրեցօր բախվում ենք նորանոր խնդիրների, շատ աշխատակիցներ իրենց կազմակերպություններում մոտիվացիայի խնդիր ունեն, ուստի HR ղեկավարների կամ մասնագետների խնդիրն է դառնում խրախուսական ծրագրերից բացի, մտածել նաեւ այլ ռազմավարություն եւ աշխատաոճ: Այստեղ էլ օգնության են հասնում քոուչինգ մեթոդներն ու գործիքակազմը, որոնց շնորհիվ HR ղեկավարը ճիշտ հարցերի միջոցով, ճիշտ գործիքներ կիրառելով ամբողջությամբ բացահայտում է աշխատակցի խնդիրները, դրական, բացասական կողմերն ու ներուժը եւ աշխատում է դրանք արդյունավետ կիրառելու ուղղությամբ:

Արդյունքում «շահում է» նաեւ աշխատակիցը, քանի որ սկսում է մտածել ու գործել ապագայամետ տեսլականով: Քոուչն օգնում է ավելի արդյունավետ կազմակերպել նպատակադրման գործընթացը, մոտիվացնել  այդ նպատակներին հասնելու համար:

Կհամարձակվեմ պնդել, որ եթե դու HR մասնագետ ես, ուրեմն քոուչինգն առաջին հերթին հենց քեզ է անհրաժեշտ:


Լուսանկարը՝ Erickson Coaching Armenia

Միֆեր. Ի՞նչ են անում կամ ի՞նչ ՉԵՆ անում քոուչն ու քոուչինգը

Միֆ 1. Քոուչը կսովորեցնի, թե ինչպես անես քո գործը.

Պարզապես փակեք դուռն ու հեռացեք, երբ քոուչը կասի, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկեք, ինչպես վարվեք, ինչպես գործեք: Քոուչի խնդիրն է ճիշտ հարցադրումների եւ համապատասխան մեթոդների շնորհիվ օգնել գտնել նպատակներ սահմանելու եւ դրանց հասնելու Ձեզ համապատասխան, արդյունավետ ուղին:

Միֆ 2. Քոուչը երկար խոսում է, իսկ հաճախորդը՝ լսում.

Սովորաբար քոուչը կարող է ընդամենը մեկ ճիշտ եւ թիրախային հարց  տալ, որից հետո հաճախորդը կարող է երկար, շատ երկար խոսել, ինքն իրեն հարցեր տալ,  գտնել հուզող հարցերի պատասխաններն ու խնդրի լուծումը:

Միֆ 3. Պրոֆեսիոնալ քոուչ դառնալու համար թրեյնինգներ հարկավոր չեն.

Հարկավոր են եւ պարտադիր սերտիֆիկացված դասընթացներ, որպեսզի դրանց ավարտին դառնաք որակավորված եւ սերտիֆիկացված քոուչ: Աշխարհում լավագույններից Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից հավատարմագրված ERICKSON INTERNATIONAL COACHING-ի դասընթացներն են: Այժմ Հայաստանում կա հնարավորություն դառնալու պրոֆեսիոնալ եւ որակավորված քոուչ. Հայաստանում գործում է ERICKSON ARMENIA-ն, որի կողմից առաջարկվող ծրագրերն ու դասընթացներն ամենակարճ ու արդյունավետ ուղին են դեպի միջազգային որակավորված քոուչ դառնալու համար: Փետրվարին մեկնարկելու ենք նաեւ երկրորդ խումբը, իսկ մարտին իր ուղին կավարտի հոկտեմբերին մեկնարկած մեր առաջին խումբը։ Այս մոդուլն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ կփոխանցի հատկապես HR ղեկավարներին եւ ոլորտի մասնագետներին:

Քոուչինգի մեթոդներից՝ Ձեր թիմին մոտիվացնելու համար

Այս մեթոդը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի փորձի կիրառմամբ։

Մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում են տարբեր կերպարներ՝ երազող, ռեալիստ, քննադատ: Եվ սովորաբար սրանցից մեկն ավելի վառ արտահայտված է լինում: Այդ պատճառով էլ կան մարդիկ, ովքեր իրենց շուրջ ստեղծում են հեքիաթային ամրոցներ եւ դուրս չեն գալիս դրանց սահմաններից, որոշներն էլ ընդհակառակը՝ միշտ հստակ պլաններ են կազմում եւ առանց էմոցիաների կամ երազելու շարժվում են առաջ: Քոուչինգում կիրառվող Ուոլթ Դիսնեյի մեթոդն օգնում է լավագույն լուծումները գտնելու եւ դրանց իրականացման գործում։ Այն արդյունավետ է աշխատակիցներին ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու, թիմային աշխատանքն ավելի պրոդուկտիվ կազմակերպելու գործում:

Ինչպես է աշխատում մեթոդը. նախ՝ անհրաժեշտ է սահմանել որեւէ խնդիր կամ նպատակ: Այնուհետեւ աշխատակիցներին բաժանել երեք խմբի՝ երազողներ, ռեալիստներ եւ քննադատներ: Երազողները ստեղծարարներն ու էնտուզիաստներն են, որոնք առաջարկում են խնդրի լուծման նույնիսկ ամենախենթ ու անհավանական տարբերակները: Ի դեպ՝ Դիսնեյի ստուդիայում նրանք տարբեր հարկերում էին աշխատում։

Ռեալիստներն ավելի պրագմատիկ դիրքում են, եւ առաջարկում են առավել իրատեսական, հաշվարկված եւ կառուցողական լուծումներ: Վերջիններս կենտրոնանում են այն քայլերի ճիշտ հաջորդականության վրա, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքին կամ նպատակին:

Քննադատները փորձում են գնահատել  գաղափարները, գտնում եւ մատնանշում են առաջարկների սխալներն ու թերությունները: Նրանք փորձում են խուսափել խնդիրներից եւ վերլուծում են հնարավոր բացերն ու ռիսկերը:

Այս վարժության ընթացքում մասնակիցները կարող են փոխել իրենց դերերը եւ շարունակել քննարկումներն այնքան ժամանակ, քանի դեռ լուծում չգտնվի:

Սա թույլ է տալիս ճանաչել յուրաքանչյուրի մեջ ապրող այս երեք կերպարներին, հասկանալ, թե որն է առավել վառ արտահայտվածը եւ խթանել դրա զարգացումը: Ցանկացած նախագիծ կարող է հաջողել, եթե այս բոլոր կերպարները նույն նպատակի համար աշխատեն տարբեր ձեւերով, իրենց հնարավորությունների ու կարողությունների լիովին ներդրմամբ եւ ուրույն մոտեցումներով:

Նույն վարժությունը կարելի է կիրառել մեկ անձի հետ՝ տարբեր դերերից նույն խնդիրը դիտարկելով։  

Քոուչինգում այսպիսի մեթոդներն ու վարժությունները բազմաթիվ են եւ դրանք ընտրվում են ըստ խնդրի ու իրավիճակի, իսկ հաջողության հասնելն ու արդյունավետությունն ապահովելը հնարավոր է այդ մեթոդների իմացության եւ ճիշտ կիրառման արդյունքում:

Աղբյուրը՝ Banks.am