Cryptocurrency Prices by Coinlib

Սարգիս Հարությունյան. Գործարար ոլորտը անցում է կատարում դեպի «ամպեր»

d5bdd5a1d680d5a3d5abd5bd d5b0d5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b5d5a1d5b6 d5a3d5b8d680d5aed5a1d680d5a1d680 d5b8d5acd5b8d680d5bf 601b9513363b5

Softline Armenia ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանի հարցազրույցը Banks.am կայքին

— Պարոն Հարությունյան, որո՞նք են գործարար ոլորտում առկա միտումները, ինչպե՞ս է ՏՏ-ն օգնում ընկերություններին դրանց զարգացման գործում։

— 2020թ․-ին շատ ընկերություններ ստիպված եղան վերանայել իրենց զարգացման ռազմավարությունը: Համաճարակաբանական, տնտեսական եւ քաղաքական  իրադարձությունների սրընթաց զարգացումները ստիպեց գործարար ոլորտին հարմարվել նոր պայմաններին եւ շատ արագ փոխել իրենց բիզնես գործընթացները՝ մրցունակ մնալու եւ ճգնաժամին դիմակայելու համար։ Նման պայմաններում ՏՏ համակարգերի եւ ծառայությունների շահագործումը դարձավ առաջնային։

Համաշխարհային կարանտինը պատճառ հանդիսացավ, որ գործարար ոլորտը, որտեղ հնարավոր է, վերանայի կորպորատիվ ենթակառուցվածքների կազմակերպման ստանդարտ միջոցները։ Այս հանգամանքը էապես արագացրեց թվային վերափոխման գործընթացները, որը նաեւ 2021թ․-ի հիմնական միտումն է լինելու:

— Ի՞նչ լուծումներ կարող է առաջարկել ՏՏ-ն նման իրավիճակում:

— ՏՏ-ն առաջարկում է բազմաթիվ լուծումներ, բայց այս պահին, որպես ամենաարդիական լուծում, ես կնշեի ամպային տեխնոլոգիաները, քանի որ այս լուծումը ունի անսահման հնարավորություններ ցանկացած բիզնես խնդիր լուծելու համար։

Սեփական ՏՏ ենթակառուցվածք ունենալը պահանջում է զգալի ներդրումներ, իսկ այսպիսի անորոշ պայմաններում շատ ընկերությունների համար պարզապես շահեկան չէ գրասենյակային պայմաններում սերվերներ ունենալը եւ սպասարկելը։ Հետեւաբար, ընկերության ՏՏ ենթակառուցվածքը ամպ տեղափոխելու եւ, անհրաժեշտության դեպքում, այն վայրկյանների ընթացքում հզորացնելու հնարավորությունը զգալի առավելություն է։

Պարզ լեզվով ասած՝ ամպային տեխնոլոգիաները  թույլ են տալիս ընկերություններին օգտագործել ՏՏ ռեսուրսները այն ծավալով, որը պահանջվում է այս պահին: Ամպային ծառայության մատակարարները հնարավորություն են տալիս ցանկացած մեծության ընկերությանը որոշակի ժամկետով եւ վճարման ճկուն տարբերակով ստանալ ցանկացած անհրաժեշտ ռեսուրսներ: Այս ամենի շնորհիվ ընկերությունը կարողանում է խնայել սարքավորումների ընդհանուր արժեքի եւ դրանց սպասարկման վրա։ Այս ամենը թույլ է տալիս ընկերություններին ոչ միայն զգալիորեն կրճատել իրենց ծախսերը եւ վերահղել դրանք ավելի կարեւոր խնդիրների լուծմանը, այլ, ընդհանուր առմամբ, թույլ է տալիս դառնալ ավելի ճկուն եւ արագորեն հարմարվել ցանկացած արտաքին եւ ներքին փոփոխություններին:

— Որո՞նք են ամպերի առավելությունները, որքանո՞վ են դրանք անվտանգ եւ ինչպե՞ս է գործարար ոլորտը վերաբերվում դրանց:

— Կարող եմ ասել, որ ի սկզբանե գործարար ոլորտում որոշակի մտավախություն կար ամպային մատակարարի կողմից տվյալների անվտանգության անհրաժեշտ մակարդակի վերաբերյալ։ Ընկերությունները մտահոգված էին, որ մրցակիցները կամ հաքերները կարող են մուտք գործել ամպային տվյալներ եւ վնաս հասցնել կազմակերպությանը: Սակայն հետագա փորձը ցույց տվեց, որ նման կասկածներն ապարդյուն էին:

Օնպրեմիսային (on premise՝ տեղակայված է ընկերությունում) լուծումների համեմատ ամպային տեխնոլոգիաները շատ առավելություններ ունեն: Ես կնշեմ 3 հիմնականը՝ ճկունությունը, խնայողականությունը եւ անվտանգությունը։

Համաշխարհային բոլոր ամպային մատակարարներ, ինչպիսիք են Microsoft Azure- ը, Amazon Web Services-ը, Google Cloud Platform-ը իրենց հաճախորդներին ապահովում են հուսալիության եւ անվտանգության բարձր մակարդակ ներկառուցված տեղեկատվական անվտանգության գործիքներով: Տվյալները պաշտպանված են հակավիրուսային ծրագրերով, ցանցային էկրաններով (firewall) եւ DLP համակարգերով: Թարմացումները տեղադրվում են ավտոմատ, իսկ կոդավորման եւ մուտքի կառավարման գործառույթները կանխում են տվյալների կորուստը:

Խնայողականությունը ամպային տեխնոլոգիաների եւս մեկ առավելություններից է: Ընկերության ծախսերը կրճատվում են ՏՏ-ի ծախսերը կապիտալներից դեպի օպերացիոն ծախսեր տեղափոխելու շնորհիվ, քանի որ ամպային տեխնոլոգիաների օգտագործման դեպքում ծրագրային ապահովման լիցենզիաների գնման եւ թարմացման, սարքավորումների թարմացման եւ դրանց սպասարկման համար ինժեներական անձնակազմ ունենալու եւ այլնի կարիք չկա։ Եթե ընկերության ենթակառուցվածքը տեղակայված է ամպում, հաճախորդը վճարում է միայն հաշվարկային հզորության վարձակալության եւ, անհրաժեշտության դեպքում, ծրագրային ապահովման լիցենզիաների վարձակալության համար:

Եվ, իհարկե չեմ կարող չնշել ամպերի ճկունությունը եւ հասանելիությունը: Ընկերությունների աշխատակիցները, որոնց ՏՏ ենթակառուցվածքը տեղափոխվել է ամպեր, կապված չեն աշխատավայրին եւ կարող են միանալ կորպորատիվ ռեսուրսներին աշխարհի ցանկացած կետից եւ ցանկացած պահի:

— Այսօր ի՞նչ լուծումներ է առաջարկում ամպային ծառայությունների շուկան գործարար ոլորտին։

— Ամպային լուծումների ընտրությունը կախված է ընկերության առանձնահատկություններից, դրա ծավալից եւ կարիքներից: Պետք է հիշել, որ ամպային ենթակառուցվածքը պետք է համապատասխանի հաճախորդի պահանջներին, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հաճախորդի համար ամպային լուծում նախագծելը պետք է լինի անհատական:

Եթե մենք խոսում ենք ամպային ծառայությունների մասին, ապա կան մի քանի մոդելներ, որոնք տարբերվում են մատուցվող ծառայությունների տեսակից:

Այսօր ամենատարածվածը SaaS (ծրագրային ապահովումը որպես ծառայություն) մոդելն է, որի դեպքում հաճախորդը ամպային միջավայրում օգտվում է պրովայդերի ծրագրային արտադրանքներից: Էլ.փոստը այս մոդելի ամենավառ օրինակներից է: Դուք չգիտեք, թե որ քաղաքում եւ մայրցամաքում է գտնվում սերվերը, որտեղ պահվում են ձեր նամակները, բայց օրվա ընթացքում, ցանկացած պահի, ցանկացած հարթակից եւ աշխարհի ցանկացած կետից դուք կարող եք մուտք գործել ձեր փոստ:

IaaS (ենթակառուցվածքը որպես ծառայություն). օգտագործում են բացառապես ձեռնարկությունները: Այս մոդելը հաճախորդին ապահովում է մի շարք ենթակառուցվածքներով` սերվերներ, տվյալների պահպանման համակարգեր, ցանցային սարքավորումներ, ինչպես նաեւ այդ ռեսուրսների կառավարման ծրագրային ապահովումներ։

PaaS-ը (հարթակը որպես ծառայություն) որոշակի հատկանիշներով հարթակ է տրամադրում վեբ-հավելվածների մշակման, փորձարկման, տեղակայման, աջակցման եւ այլնի համար: Նման մոդելի օգտագործման վառ օրինակներից է կայքերի համար հոսթինգ ծառայությունները:

DaaS ծառայությունը (տվյալները որպես ծառայություն) մատուցելիս հաճախորդը ստանում է աշխատանքի համար լիովին պատրաստ վիրտուալ աշխատավայր, որը յուրաքանչյուր օգտատեր կարող է հավելյալ հարմարեցնել իրեն  առաջադրված խնդիրների լուծման համար: Այսինքն` տվյալ դեպքում օգտատերը ստանում է ոչ թե առանձին ծրագրի հասանելիություն, այլ լիարժեք աշխատանքի համար նախատեսված ծրագրային փաթեթ։ Գալով աշխատանքի նա պարզապես մուտքագրում է իր տվյալները (մուտքաբառը/գաղտնաբառը կամ նույնականացման այլ միջոցներ) եւ կարող է աշխատել` օգտագործելով երրորդ կողմի սերվերի եւ ոչ թե իր համակարգչի հաշվարկային հզորությունը:

Մեր ընկերությունն ունի ամպային տարբեր մակարդակի ծառայությունների տեղակայման փորձ եւ ուրախ կլինի օգնել ցանկացած մեծության եւ ոլորտի ընկերությանը օպտիմալացնել իր ՏՏ ենթակառուցվածքը:

— COVID19-ը ազդել է հատկապես գործարար ոլորտի վրա: Շատ ընկերություններ անցել են հեռավար աշխատանքի ձեւաչափին, ինչն էլ, իր հերթին, մարտահրավեր է դարձել ՏՏ շուկայի համար։ Ի՞նչ հստակ լուծումներ է առաջարկում ՏՏ ոլորտը նման պայմաններում:

— Դուք իրավացի եք, 2020թ․-ին հեռավար աշխատանքի անցնելու հետ կապված շատ ընկերություններ աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու հավելվածներն արագորեն տեղափոխեցին ամպեր։ Այս տարի աշխատանքի հիբրիդային եւ հեռավար ձեւաչափերը կմնան նույնը, ավելին․ շատ ընկերություններ էլ համոզվեցին այսպիսի ձեւաչափերի արդյունավետության մեջ եւ մտադիր չեն հետագայում հրաժարվել դրանցից:

Այսպիսով, ամպային լուծումները դեռեւս շատ պահանջարկ կունենան: Իսկ այն ընկերությունները, որոնք արդեն ընտրություն են կատարել ամպային ենթակառուցվածքի օգտին, զբաղված կլինեն դրա օպտիմալացմամբ։

Ավելին, շատ պրովայդերներ աջակցում են փոքր ու միջին բիզնեսին եւ մշակել են  ամպային լուծումների շատ ճկուն, բազմաֆունկցիոնալ եւ մատչելի առաջարկներ:

Օրինակ՝ հեռավար աշխատանքի ավելի լավ կազմակերպման համար Microsoft-ը Microsoft365-ի կորպորատիվ օգտատերերին առաջարկում է ամպային ծառայությունների բաց մուտք։

Մեր հաճախորդների շրջանում մեծ պահանջված է Microsoft Teams կորպորատիվ հարթակը, որը Microsoft365 ամպային ծառայության մի մասն է եւ համատեղում է մեկ աշխատանքային տարածության մեջ չատ-նամակագրություն, առցանց հանդիպումներ, զանգեր եւ  համատեղ աշխատելու լայն  հնարավորություններ: Microsoft Teams-ում ինտեգրված են Microsoft365-ի բոլոր անհրաժեշտ ծրագրերը (Word, Excel, PowerPoint եւ Outlook), այնպես որ բոլոր օգտատերերը  կարող են կիսվել գործընկերների հետ աշխատանքային ֆայլերով եւ առանց համակարգից դուրս գալու խմբագրել դրանք: Microsoft Teams-ի փորձնական տարբերակը լիովին անվճար է, ուստի յուրաքանչյուր ընկերություն կարող է փորձարկել այս լուծման կողմից առաջարկվող համատեղ աշխատանքի հնարավորությունները։  

Ցանկացած ձեւաչափի հեռավար աշխատանքի կազմակերպման համար Microsoft-ը առաջարկում է ամպային ծառայությունների լայն տեսականի, օրինակ՝ Azure AD անվտանգ հեռավար հասանելիության լուծում է, Microsoft VPN Always ON՝ VPN-ին ավտոմատ միանալու լուծում։ Նաեւ առկա  է վիրտուալիզացման համալիր լուծումը՝ Virtual Desktop Virtualization եւ այդ լուծման այլընտրանքը՝ Remote Desktop Service-ը (RDS), որը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց աշխատասեղանը տեղափոխել ամպ:

Ֆունկցիոնալ եւ արդյունավետ հեռավար աշխատանքի կազմակերպման ամպային լուծումներ են առաջարկում նաեւ այլ ընկերություններ։ Օրինակ՝ վերջերս թողարկվել է վիրտուալացման VMware Horizon8 լուծումը։ Այս լուծումը օգտատերերին տրամադրում է մի հարթակ, որն ապահովում է կենտրոնացված եւ անվտանգ մուտք դեպի վիրտուալ կամ հեռավոր միջավայրում տեղադրված համակարգիչներին, հավելվածներին եւ վեբ ծառայություններին: VMware Horizon- ի նոր 8-րդ տարբերակը ապահովում է աշխատակիցների վիրտուալ աշխատասեղանների արդյունավետ մասշտաբավորում եւ ճկունություն:

— Ի՞նչ ծառայություններ կարող է տրամադրել Softline-ը ընկերությանը՝ օգնելու համար անցում կատարել դեպի ամպային ծառայություններ։

— Ինչպես արդեն նշել եմ, մեր ընկերությունն ունի աշխատանքային մեծ փորձ եւ բոլոր անհրաժեշտ իրավասությունները տարբեր բարդության ամպային նախագծերի իրականացման համար: Softline ընկերությունը հաջողությամբ անցել է Microsoft-ի լայնածավալ համալիր աուդիտը եւ ստացել Azure Expert Managed Service Provider (MSP) միջազգային կարգավիճակ: Սա հաստատում է մեր ինժեներների փորձաքննության բարձր մակարդակը եւ դեպի ամպ արդյունավետ անցումը կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ իրավասությունների առկայությունը:

Անցումային բոլոր աշխատանքները մենք բաժանում ենք երեք հիմնական փուլի, որոնք կարող են իրականացվել ինչպես համալիր, այնպես էլ առանձին՝ կախված հաճախորդի պահանջներից։ Յուրաքանչյուր փուլում աշխատանքներն իրականացվում են մեր ինժեներական թիմի կողմից՝ համաձայն հաստատված ծրագրի եւ ժամանակացույցի։

Առաջին փուլում մեր մասնագետները կատարում են ամպային միգրացիայի համար ընկերության պատրաստակամության համապարփակ գնահատում: Հաշվարկվում է ֆինանսական ազդեցությունը եւ վերլուծվում են ծախսերն ու ռիսկերը: Եթե գնահատման հիման վրա որոշվում է ամպային անցում կատարել, մենք՝ ելնելով պահանջվող կատարողականից, առկա ֆինանսներից, ժամանակից, իրավական սահմանափակումներից եւ ցանկացած այլ անհատական պահանջներից, նախագծում ենք ենթակառուցվածքի անցումը ամպ:

Երկրորդ փուլում իրականացվում է հաճախորդի աշխատանքային ծանրաբեռնվածության ուղղակի անցումը ամպային միջավայր:

Երրորդ՝ վերջնական փուլում, մենք առաջարկում ենք ամպային ենթակառուցվածքի կառավարման ծառայություն: Մեր մասնագետները իրականացնում են մոնիթորինգ, օպտիմիզացնում են ծախսերը, ստուգում են պահանջներին համապատասխանությունը, կառավարում եւ սպասարկում են հաճախորդի ՏՏ համակարգը ամպում:

Այսպիսով, «ամպեր» անցում կատարելիս հաճախորդը կարող է շարունակել զբաղվել իր գործով, իսկ մնացածի մասին մենք կհոգանք ինքներս։

Աղբյուրը՝ Banks.am