Cryptocurrency Prices by Coinlib

JPMorgan-ը թվային բանկ է գործարկում Մեծ Բրիտանիայում

jpmorgan d5a8 d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5a2d5a1d5b6d5af d5a7 d5a3d5b8d680d5aed5a1d680d5afd5b8d682d5b4 d5b4d5a5d5ae d5a2d680d5abd5bfd5a1 6017a0e158bb5
Առաջիկա ամիսներին ամերիկյան JPMorgan Chase-ը Մեծ Բրիտանիայում գործարկելու է թվային մանրածախ բանկ, որի նպատակն է բրիտանացի սպառողներին առաջարկել բանկային սպասարկման բոլորովին նոր տարբերակ:

Ինչպես հաղորդում է Businesswire.com-ը, օգտագործելով Chase ապրանքանիշը՝ բանկը նորարարական բջջային հավելվածի միջոցով Մեծ Բրիտանիայի հաճախորդների կարիքներին հարմարեցված պրոդուկտներ և ծառայություններ կտրամադրի:

«Մենք գործարկում ենք Chase-ը Մեծ Բրիտանիայում, քանի որ ցանկանում ենք հաճախորդներին տրամադրել բանկային նոր փորձ, որը թույլ կտա իրենց օգտվել պարզ և բացառիկ բանկային փորձից՝ հիմնված JPMorgan Chase-ի մեծ հնարավորությունների վրա: Մեծ Բրիտանիան ունի դինամիկ և բարձր մրցակցային սպառողական բանկային շուկա, ուստի մենք մշակեցինք բանկը զրոյից՝ հաճախորդների կարիքները բավարարելու համար»,- ասել է JPMorgan Chase-ի համանախագահ Գորդոն Սմիթը:

Թվային բանկի գլխավոր տնօրեն է նշանակվել Սանոկե Վիշվանատանը, որը նախկինում զբաղեցնում էր J.P. Morgan կորպորատիվ եւ ներդրումային բանկի գլխավոր վարչական տնօրենի եւ ռազմավարության բաժնի ղեկավարի պաշտոնը:

Թվային բանկի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում, իսկ հաճախորդներին կսպասարկի Էդինբուրգում հատուկ ստեղծված կոնտակտային կենտրոնը: Ընկերությունն արդեն 400 աշխատատեղ է ստեղծել Մեծ Բրիտանիայում և նախատեսում է աճին զուգընթաց ավելացնել աշխատակիցների թիվը: Մեծ Բրիտանիայում գրանցված JPMorgan Chase-ի դուստր ընկերությունն ունի բիզնես վարելու լիցենզիա: Իր գործունեությունը կարգավորվում է ինչպես Պրուդենցիալ կարգավորման վարչության, այնպես էլ Ֆինանսական վարքագծի հարցերով վարչության կողմից:

«Chase-ը բացառիկ հնարավորություն ունի բարելավել իրավիճակը բրիտանացի սպառողների համար` համադրելով հեղինակավոր և հուսալի բանկի վստահությունը հաճախորդների անթերի սպասարկման հետ: Բանկը մտադիր է առաջարկել մի շարք պրոդուկտներ`ներառյալ ընթացիկ հաշիվների նկատմամբ նոր մոտեցում: Մեծ Բրիտանիայում Chase-ի հաճախորդների սպասարկման կենտրոնը առանցքային դեր կունենա առաջարկի ասպարեզում՝ ապահովելով արագ հասանելիություն և շուրջօրյա անհատական սպասարկում»,- գրում է պարբերականը:

«Մեծ Բրիտանիայում թվային մանրածախ բանկ գործարկելու մեր որոշումը կարևոր իրադարձություն է և հնարավորություն է տալիս մեզ մանրածախ պրոդուկտները ներկայացնել բրիտանացի սպառողներին: Այս նոր նախաձեռնությունն ընդգծում է մեր նվիրվածությունը մի երկրի, որտեղ մենք ունենք խոր արմատներ, հազարավոր աշխատակիցներ և գրասենյակներ, որոնք ստեղծվել են ավելի քան 160 տարի առաջ»,-ասել է Լոնդոնում JPMorgan Chase-ի համանախագահ Դանիել Պինտոն:

Մեծ Բրիտանիայի շուկա մուտք գործելիս ընկերությունը լայնածավալ հետազոտություն կատարեց՝ պարզելու համար, թե որ հատվածում կարող է ազդեցություն ունենալ սպառողների վրա և բավարարել նրանց կարիքները: Չնայած թվային բանկինգը լայն տարածում է ստացել, այնուամենայնիվ, բանկը պարզել է, որ բանկային ծառայություններ մատուցողի կայունությունն ու հուսալիությունը շարունակում է մնալ սպառողների համար առանցքային գործոն:

Banks.amհիշեցնում է, որ վերջերս JPMorgan-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը կարծիք էր հայտնել, որ առաջիկա տասը տարիների ընթացքում շուկայում «դաժան մրցակցային պայքար» կծավալվի ավանդական վարկային հաստատությունների եւ ֆինտեխ ընկերությունների միջեւ:

«Բնականաբար, մենք պետք է մահվան չափ վախեցած լինենք դրանից: Մենք ունենք շատ ռեսուրսներ եւ շատ խելացի մարդիկ: Մենք պարզապես պետք է գործենք ավելի արագ եւ արդյունավետ: Եթե նայեք, թե ինչ ենք արել, կարող եք ասել, որ մենք մեծ աշխատանք ենք կատարել, բայց մյուս մարդիկ եւս լավ աշխատանք են արել:

«Ես ակնկալում եմ, որ առաջիկա տասը տարիների ընթացքում սա շատ կոշտ եւ դաժան մրցակցություն կլինի: Հուսով եմ, որ կհաղթեմ, Աստված ինձ օգնական»,- ասել էր նա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am