Cryptocurrency Prices by Coinlib

Երեւանում շրջիկ առեւտրի նոր կանոններ են սահմանվել

d5a5d680d5a5d682d5a1d5b6d5b8d682d5b4 d5b7d680d5bbd5abd5af d5a1d5bcd5a5d682d5bfd680d5ab d5b6d5b8d680 d5afd5a1d5b6d5b8d5b6d5b6d5a5d680 601810a43ab8e
Երեւանում շրջիկ առեւտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շրջիկ առեւտրի իրականացման համար քաղաքում 52 կետ է առանձնացվել ու կահավորվել:

Գործունեության սկսելու համար տնտեսվարողները նախ պետք է թղթային կամ էլեկտրոնային դիմում-հայտ ներկայացնեն քաղաքապետարան՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.

1․Տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ),
2․Դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,
3․Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
4․Շրջիկ առեւտրի կետի լուսանկարներ,
5․Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,
6․Եթե դեռ չունեք շրջիկ առեւտրի մեքենա, ապա քաղաքապետարան նախ պետք է ներկայացնել էսքիզային տարբերակը, ստանալ արտաքին տեսքի վերաբերյալ եզրակացություն, որը եւս կցվում է դիմումին:

«Եթե քաղաքացին ունի արդեն իսկ պատրաստի շրջիկ առեւտրի կետը, որի վրա արդեն իսկ փակցված է գովազդ, ապա, երբ դիմում եք, դիմումն ինքնին մակագրվում է նաեւ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն: Այսինքն՝ գործընթացը կատարվում է միաժամանակ»,- ասել է Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Հայտը ներկայացնելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առեւտրի կետը պետք է զննություն անցնի։ Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դրանից հետո՝ 4 օրվա ընթացքում:

Շրջիկ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները եւ (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչեւ 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության եւ 3 մետր բարձրության:

Թույլտվությունը ստանալուց հետո արդեն պետք է ընտրել վայրը: Ամրագրել տեղը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով գործարկվել է arevtur.yerevan.am հարթակը, որտեղ կարելի է գտնել նաեւ ամբողջական տեղեկատվություն՝ թույլտվություն տրամադրելու կարգի մասին:

Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշտ վայրերի եւ կայարանների հարեւանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր եւ մյուս վարչական շրջաններում մինչեւ 3 օր ժամկետով: Այսպիսով՝ բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար մրցակցության պայմաններ:

Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Առեւտրի շրջիկ կետերը կգործեն օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչեւ ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները կամ կգործեն առանց թույլտվության, կտուգանվեն:

Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ: Տուգանքներին գումարվում է նաեւ տարհանումը:

Աղբյուրը՝ Banks.am