Cryptocurrency Prices by Coinlib

Գործադիր տնօրենի ճանապարհը. փաստեր եւ տվյալներ

d5a3d5b8d680d5aed5a1d5a4d5abd680 d5bfd5b6d685d680d5a5d5b6d5ab d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0d5a8 d683d5a1d5bdd5bfd5a5d680 d5a5d682 60140022a319b

Բարձր եւ միջին օղակի ղեկավարների փնտրումով զբաղվող Relevant Executive Search ընկերությունն իր մեկ տարվա գործունեության արդյունքում ստացած տվյալների հիման վրա պատրաստել է նյութ, որն օգտակար կլինի հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ գործադիր տնօրեն։

Ռելեվանտ ընկերությունն արդեն մեկ տարեկան է: Այս տարվա մեր գործունեության ընթացքում հասցրել ենք հավաքագրել բավականաչափ տվյալներ, որոնց հիման վրա կարելի է վերլուծություն կատարել եւ պարզել այն ճանապարհը, որը պետք է անցնել գործադիր տնօրենի կարիերայի համար:

Ցանկանում ենք նշել, որ վերլուծության համար հիմք ենք ընդունել միայն գործադիր տնօրեն փնտրելու ընթացքում դիտարկված թեկնածուների տվյալները եւ հաշվի չենք առել որեւէ ստորաբաժանման ղեկավարի համար դիտարկված թեկնածուների տվյալներ։

Այս նյութում կներկայացնենք, թե որ մասնագետներն են ավելի հաճախ ստանձնում գործադիր տնօրենի պաշտոնը։

Թվում է՝ ակնհայտ է, թե ինչպես պետք է դառնալ մարքեթինգի, ֆինանսական, կոմերցիոն կամ այլ բաժնի ղեկավար։ Պետք է մասնագիտանալ որեւէ ոլորտում, սկսել աշխատել համապատասխան բաժնում եւ տարիների ընթացքում արդյունավետ աշխատանքի շնորհիվ ունենալ կարիերայի աճ՝ դառնալով բաժնի ղեկավար։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ գործադիր տնօրենի դեպքում այլ տրամաբանություն է գործում։

Մեր գործընկեր կազմակերպությունները գործադիր տնօրենի հաստիքի հայտ ներկայացնելու հետ մեկտեղ, մեզ են ներկայացնում այն մասնագիտական չափորոշիչները, որը պետք է ունենա ապագա տնօրենը: Այդ չափորոշիչներից ելնելով էլ մենք փնտրում ենք արդեն իսկ այդ պաշտոնը ստանձնած տնօրենների եւ այն պրոֆեսիոնալների շրջանում, որոնք ունեն անհրաժեշտ հմտություններ։

Այսպիսով, գործադիր տնօրենի համար Ռելեվանտ ընկերությունում հարցազրույց անցած թեկնածուների կարիերան ուսումնասիրելով, ներկայացնում ենք, թե ինչ հաստիքներ են զբաղեցրել թեկնածուները հարցազրույցն անցնելու պահին եւ թե ինչ հաստիք է նախորդել տվյալ պահին զբաղեցրած պաշտոնին: Այլ կերպ ասած՝ այս վերլուծությունը գործադիր տնօրեն դառնալ ցանկացողներին կօգնի իմանալ՝ սովորաբար ինչ 2 հաստիքներ են նախորդում մինչ գործադիր տնօրենի կոստյում հագնելը։

Հարցազրույցի պահին զբաղեցրած հիմնական հաստիքները

Ինչպես ցույց է տալիս մեր վերլուծությունը, գործադիր տնօրենի համար դիտարկվող թեկնածուներից 60%-ն այդ պահին աշխատել է հենց գործադիր տնօրեն (CEO), 16%-ը եղել է կոմերցիոն տնօրեն (CCO), վաճառքի տնօրենները (sales executive) կազմել են 6%-ը, գործառնությունների գծով (COO) տնօրենները եղել են 4%, մարքեթինգի (CMO) եւ բիզնեսի զարգացման տնօրենները (BDM) կազմել են 3-ական տոկոս, իսկ բոլոր այն մասնագետներին, որոնք կազմել են 2%-ից քիչ, համախմբել ենք այլ հաստիքներ խմբի մեջ, որն էլ կազմել է 8%։


Նախկինում զբաղեցրած հիմնական հաստիքները

Գործադիր տնօրենի համար դիտարկվող թեկնածուները նախկինում զբաղեցրել են հետեւյալ հաստիքները՝ վաճառքի տնօրենի հաստիքը եղել է ամենաշատը եւ կազմել է 20%, կոմերցիոն տնօրենի հաստիքը կազմել է 18%, ֆինանսական տնօրենի հաստիքը (CFO)՝ 17%, 8-ական տոկոս կազմել են բիզնեսի զարգացման տնօրենի եւ մարքեթինգի տնօրենի հաստիքները, գործառնությունների գծով տնօրենի հաստիքը՝ 4% եւ 25% կազմել են այլ հաստիքները, որոնք առանձին վերցրած 3 %-ից քիչ քանակ են ունեցել։

Ինչպես երեւում է գծապատկերից, եւ ներկա ու նախկինում զբաղեցրած հաստիքների մեջ համեստ դեր ունի գործառնությունների գծով տնօրենի հաստիքը, այնինչ զարգացած երկրներում վերջինները բավական հաճախ են ստանձնում գործադիր տնօրենի պաշտոնը։ Պատճառը, թերեւս, Հայաստանում գործադիր տնօրենի հաստիքի ոչ հստակ, «լղոզված» կիրառման մեջ է՝ շատ ընկերություններում սեփականատերերը իրենց են վերապահում որոշումներ կայացնելու եւ կառավարման կարեւոր շատ ֆունկցիաներ, իսկ գործադիր տնօրենին թողնում են գործառնությունների հետ կապված բոլոր հարցերը։ Արդյունքում, բազմաթիվ ընկերություններում պարզապես բացակայում է գործառնությունների գծով տնօրենի հաստիքը, քանի որ վերջինի պարտականություններն իր վրա է վերցրել գործադիր տնօրենը։

Հետաքրքիր պատկեր է ստացվում նաեւ ֆինանսական տնօրենի հաստիքի դեպքում։ Հարցազրույցի պահին ֆինանսական տնօրենների իրական տոկոսը եղել է 0,5%, որն էլ ներառել ենք այլ հաստիքների մեջ, իսկ նախկին հաստիք կատեգորիայում ֆինանսական տնօրեններն արդեն 3-րդ տեղում են՝ 17%-ով։ Նաեւ ավելացնենք, որ 17% կազմող ֆինանսական տնօրենների մեծ մասը ներառված են ներկա պահի հաստիքների մեջ ամենամեծ տեղ զբաղեցնող գործադիր տնօրենների ցանկում։

Ի՞նչ է ստացվում: Ֆինանսական տնօրենները հազվադեպ են ստանում այլ ընկերության գործադիր տնօրեն դառնալու առաջարկ: Փոխարենը, մեծ շանսեր ունեն՝ ստանձնելու գործադիր տնօրենի պաշտոնը՝ միեւնույն ընկերության ներսում առաջխաղացման արդյունքում:

Վիճակագրությունը ուղղություն է, որը սոսկ փաստում է անցյալում տեղի ունեցածը, իսկ ապագան, իհարկե, Ձեր ձեռքերում է։

Աղբյուրը՝ Banks.am