Cryptocurrency Prices by Coinlib

Անիմաստ ղեկավար, չաշխատող համակարգ, մոլորված բնակչություն․ սա ճանապարհն է նոր սամռկեցուցիչ պատերազմի․ Վահե Հովհաննիսյան

d5a1d5b6d5abd5b4d5a1d5bdd5bf d5b2d5a5d5afd5a1d5bed5a1d680 d5b9d5a1d5b7d5add5a1d5bfd5b8d5b2 d5b0d5a1d5b4d5a1d5afd5a1d680d5a3 d5b4d5b8 601451156d6cc

Բլոգոսֆերա

55e1bd7d1102d6949488995558e4e768

Հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեր ընտրությունը մեծ չէ, այն կոշտ է, առանց ավելորդ սենտիմենտի՝ նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն, եւ կա դրա ամենավատ տարբերակը՝ եւ´ նոր պատերազմ, եւ´ նոր խաղաղություն։

Ցավոք, հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։

Այսօրվա Հայաստանի իրականությունը տանում է նոր պատերազմի։ Անիմաստ ղեկավար, չաշխատող պետական համակարգ, անհասկանալի ընդդիմություն, մոլորված բնակչություն ու սրընթաց ավելացող ռիսկեր։ Հանրային կյանքում չկա ո´չ մի տեսլական, որը հասկանալի կլինի հասարակությանը, հարեւաններին, արտաքին աշխարհին։ Ճակատագրական նոնսենս է, բայց մենք անհասկանալի ենք նաեւ այսօր մեր անվտանգությունն ապահովող հիմնական դաշնակցին։ Նա, ով իր զինվորով ապահովում է մեր անվտանգությունը, նույնպես մեզ չի հասկանում։

Եթե Ռուսաստանում աճեց ներքին լարվածությունը, ապա այսօրվա Հայաստանը շատ արագ կդառնա նոր պատերազմի թատերաբեմ՝ Սյունիքից մինչեւ Երեւան։ «Եվրոնյուզը» կհեռարձակի մեկ սյուժե, Կիպրոսի որեւէ գյուղաքաղաքի մի պատգամավոր կանի հայանպաստ հայտարարություն. սա էլ կլինի միջազգային արձագանքը եւ Արեւմտյան դեմոկրատիայի աջակցությունը։

Հայաստանին ծանր հարված հասցնելուց հետո մնացած Հայաստանին կպարտադրվի խաղաղություն՝ կա´մ թուրքական որեւէ վիլայեթի, կամ Աբխազիայի կարգավիճակներով մի բան։ Ընդ որում, դա էլ չենք մենք որոշելու։

Չափազանց դժվար է գրել այս սցենարը, բայց, ունենալով նախորդ երկու տարիների ողբերգական փորձը, երբ վերահաս պատերազմի մասին անընդհատ խոսելով չստացվեց այն լսելի դարձնել հանրությանը, ստիպված ես այս անգամ ասել ավելի պարզ ու մատչելի։

Նոր խաղաղություն

Հին այլեւս ոչինչ չկա՝ ո´չ հին Հայաստանը կա, ո´չ հին Արցախը, ո´չ հին Ադրբեջանը, ո´չ հին Կովկասը, ոչ՝ հին կյանքը։ Խաղաղությունը, որը մենք կարող ենք ունենալ, եւ որը մեր նպատակը պետք է լինի, նույնպես այլեւս նորն է լինելու։ Հայաստանի քաղաքական միտքը, հայ ժողովրդի հավաքական մտավոր ռեսուրսը նոր պատերազմի բացառման եւ նոր խաղաղության հաստատմանը պետք է ուղղված լինի։

Իսկ այն, ինչը մենք ունենք այսօր, ուղիղ ճանապարհն է դեպի նոր սամռկեցուցիչ պատերազմ՝ անմիտ, անպոտենցիալ կառավարություն, որի գոյության միակ իմաստը Փաշինյանին վարչապետ պահելն է։ Ու այդ անգործունյա իշխանությունն ամեն օր մեզ մոտեցնում է նոր պատերազմին։ Իսկ հընթացս ստեղծված արհեստական ու անծրագիր ընդդիմությունը ոչինչ անել չի կարող այս ընթացքը կասեցնելու համար։ Իսկ երկրի բնակչությունը հիմնականում իներցիայով ապրում է՝ այսօր խաղաղ է, այսօր դեռ ուտելու բան կա։

Մեր պատմական խնդիրն այսօր «Նոր խաղաղության» էությունը հասկանալն է, դրան պատրաստվելն է՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, ռեսուրսային, ծրագրային…

Ստացվեց այնպես, որ մենք պատրաստ չէինք պատերազմի, ու դրա արդյունքը ողբերգական էր։ Խաղաղությանն անպատրաստ լինելը պակաս ողբերգական չի լինելու։ Խաղաղությունը նույնպես կոշտ մրցակցություն է՝ խաղաղ ճանապարհով սեփական շահերը պաշտպանելու կարողություն, նոր ծրագրերի գեներացման եւ իրականացման ունակություն, ռեսուրսներ, հարեւաններին բան առաջարկելու եւ առաջարկ լսելու պոտենցիալ, դաշնակցի համար բացարձակ վստահելի եւ ոչ բարեկամի հանդեպ վճռական լինելու կեցվածքով։ Այսօրվա անիմաստ կառավարությունը եւ ընդդիմության խորքային անպատրաստությունը Հայաստանը դարձնում են անպատրաստ նաեւ խաղաղությանը։ Իսկ եթե մենք ո´չ պատերազմի ենք պատրաստ, ոչ՝ խաղաղության, ապա ամեն մեկն իր շահը մեզնից ստանալուց հետո մեզ կպարտադրի ինչ-որ ամորֆ մի վիճակ։ Սա է խնդիրը, ու այս հեռանկարը չստանալու համար է պետք նոր, լուրջ լուծումներ գտնել եւ հիշել, որ ժամանակը շատ քիչ է։

Իմ խորին համոզմամբ՝ նոր քաղաքական հոսանքի (հոսանքների) ձեւավորումը միակ իրական ճանապարհն է՝ երկրում երկարատեւ խաղաղություն ունենալու եւ պետության էական մոդեռնիզացիայի համար։

Շարունակելի…»։

Աղբյուրը՝ Lurer.com