Cryptocurrency Prices by Coinlib

Նավալնին մինչև փետրվարի 15-ի կմնա կալանքի տակ

d5b6d5a1d5bed5a1d5acd5b6d5abd5b6 d5b4d5abd5b6d5b9d687 d683d5a5d5bfd680d5bed5a1d680d5ab 15 d5ab d5afd5b4d5b6d5a1 d5afd5a1d5acd5a1d5b6d684 6005ab4f2ed6b

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդի փաստաբանները մի նոր տեսաուղերձ տարածեցին, որում Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճի վերածված ոստիկանական աշխատասենյակից դիմելով իր կողմնակիցներին կոչ էր անում փողոց դուրս գալ։

«Հետաքրքիր բան է ստացվում։ Կարծես թե նստած եմ Ռուսաստանի Դաշնության դրոշի ֆոնին, բայց այն ամենը, ինչ այստեղ է կատարվում Ռուսաստանի Դաշնության օրենքների հետ որևէ կապ չունի։ Երկիրը քսան տարի շարունակ թալանող գողերի այդ ավազակախումբը ինձ և ի դեմս ինձ այն բոլոր մարդկանց, որոնք չեն ցանկանում լռել, ասաց՝ մենք քեզ ուզում էինք սպանել, դու չմահացար և դրանով վիրավորեցիր մեզ։ Այդ իսկ պատճառով մենք քեզ բանտ կնստեցնենք», — նշել է Նավալնին։

Ընդդիմադիր գործիչը Խիմկիի թիվ երկու ոստիկանական բաժանմունքում հայտնվեց կիրակի երեկոյան՝ Գերմանիայից վերադառնալուն պես։

Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայությունը պնդում է, որ արտերկրում գտնվելու ընթացքում Նավալնին խախտել է նախկինում ուժի մեջ մտած դատավճռով սահմանված փորձաշրջանի պահանջները։ Դրանից ելնելով ծառայությունը դիմել էր դատարան՝ խնդրելով Նավալնիի դեմ կայացված պայմանական դատավճիռը փոխարինել ազատազրկմամբ։

Պատիժների կիրառման ծառայության ներկայացրած հայցի շուրջ լսումները մեկնարկելու են հունվարի 29-ին։Եթե այն բավարարվի, ապա Նավալնին այսպես կոչված «Իվ Ռոշեյի» գործի շրջանակներում կսկսի արդեն ոչ թե պայմանական, այլ իրական պատիժ կրել։

Վերջին ժամերին արևմտյան մի շարք պետությունների և կառույցների ղեկավարներ կոչ արեցին պաշտոնական Մոսկվային վերջ տալ Ալեքսեյ Նավալնու քաղաքական հետապնդմանը։ Նման կոչերով մասնավորաբար հանդես եկան Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Մոսկվայում սակայն Նավալնիի դեմ հարուցված քրեական գործերի քաղաքական ենթատեքստը կտրականապես հերքում են։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, օրինակ, պնդում է, որ արևմտյան երկրները Նավալնու գործին մեծ հնչեղություն են հաղորդում սեփական քաղաքացիների ուշադրությունը շեղելու համար։

«Ես կասեի, որ Նավալնիի դեպքը արհեստականորեն է արտաքին քաղաքական հնչեղություն ձեռք բերել։ Այն ամենը, ինչ կատարվում է Նավալնու շուրջ՝ կապված նրա վերադարձի և կալանավորման հետ, վերաբերում է իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակին», — այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Աղբյուրը՝ Azatutyun.am