Cryptocurrency Prices by Coinlib

Կյանքով լեցուն Արամը հոգեպես խաղաղվել էր, նա իր մահով շատ բան փոխեց բոլորիս կյանքում (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

«Արամը կյանքով լեցուն, ուրախ, գեղեցիկը գնահատող երեխա էր: Այդ 3 տարիների ընթացքում Արամի կողմից ինձ նվիրած ծաղիկները մեկը մեկից յուրահատուկ էին: Ծաղկեփնջերը պատրաստելիս՝ Արամը միշտ հետաքրքիր լուծումներ էր գտնում և այնքան մեծ ոգևորությամբ ու սիրով էր նվիրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Արամ Մուրադյանի դասղեկը՝ Անահիտ Հովագիմյանը:

Ըստ դասղեկի՝ Արամը միշտ աչքի էր ընկել իր հետաքրքիր մտքի թռիչքով և մեզ հետ զրույցում վերհիշեց մի պատմություն, երբ Արամը Նոր տարվա համար դեղատուփերով գեղեցիկ տոնածառ էր պատրաստել. «Մի ուրիշ ձևի տղա էր Արամը: Բոլորի հետ շատ ջերմ էր, շատ մտերիմ ու ընկերական: Նրա կորուստը շատ մեծ է բոլորիս համար»,- նշեց դասղեկը՝ անդրադառնալով Արամի ունեցած յուրահատուկ հայրենասիրությանը. «Արամը երբեք չի խոսել հայրենասիրությունից, բայց իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրելով՝ ապացուցեց իր մեծ սերը դեպի հայրենիքը: Արամն այն օրինակն է, որ իր հայրենասիրությունը ապացուցեց, ոչ թե լոկ խոսքերով, այլ հերոսական սխրանքներով»,— ընդգծեց դասղեկը:

Իր մտերիմ ընկերոջ մասին մեզ հետ ցանկացավ խոսել նաև Նորայր Խաչատրյանը, որը նշեց՝ Արամը մինչև 9-րդ դասարանը սովորել է Էջմիածնի 7-րդ հիմնական դպրոցում, որից հետո ընդունվել է Էջմիածնի Էռնեկյան հանրակրթական ավագ դպրոցը՝ բժշկական թեքումով։ Բանակ զորակոչվելուց առաջ Արամը հասցրել է ընդունվել նաև բժշկական համալսարան այն մտքով, որ կգա, կշարունակի ուսումը․ «Մանկուց Արամը պարել է, շատ էր սիրում պարել։ Հանգիստ, անմիջական բնավորություն ուներ։ Բոլորի հետ, անխտիր, շփվում էր, տարբերակումներ չէր դնում, չկար այնպիսի մեկը, որը չէր սիրի Արամին»,— ընդգծեց Նորայրը, հավելելով, որ Արամը չուներ սիրած աղջիկ, բայց հեշտությամբ լեզու էր գտնում իգական սեռի ներկայացուցիների հետ․ «Արամը շատ-շատ աղջիկների հետ է շփվել, շատ ընկերուհիներ ուներ, միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել աղջիկների հետ»,- ասաց նա։

Արամը  բանակ էր զորակոչվել ամռանը՝ հուլիս ամսին։ Արամի սկզբնական ծառայությունը անցել է այլ վայրում, սակայն պատերազմական դրությամբ պայմանավորված՝ նրան տեղափոխում են Ջաբրայիլ: Ջաբրայիլ չհասած, բեկորը մահացու վնասվածք է հասցնում Արամին: Նորայրը, ընկերոջ հետ վերջին օրերին զրուցելիս, նկատել էր, որ Արամը լիովին փոխվել է. «Ինքը  բնավորությամբ շատ ակտիվ էր, աշխույժ, ամեն փոքր բանից նյարդայնանում էր, իսկ վերջին անգամ՝ դեպքից մեկ օր առաջ, երբ խոսեցի Արամի հետ, ասաց, որ շատ հանգիստ է, այլևս չի նյարդայնանում։ Արամը, կարծես, հոգեպես խաղաղվել էր»,- նկատեց զինվորի ընկերը։

Ընկերոջ վերջին օրերին խաղաղվելը Նորայրը կապեց  նրա հետ, որ նախքան բանակ զորակոչվելը, Արամը, կարծես,  ներքուստ զգար, որ բանակում իր հետ մի բան է պատահելու, և նա հոգեպես արդեն պատրաստ էր դրան. «Արամը, մինչև բանակ զորակոչվելը, հաշտվեց բոլոր այն մարդկանց հետ, որոնց հետ ինչ-որ կոնֆլիկտ ուներ։ Անգամ ծառայության ընթացքում մի աղջիկ կար, որի հետ վիճել էր, բանակից խնդրեց ինձ, որ իր անունից գրեմ այդ աղջկան, որ իրենից որևէ մեկը նեղացած չմնա»,— ասաց Նորայրը։

Արամի ընկերը այն կարծիքին է, որ իրենց վիշտը տարբերվում է բոլորինից.  «Իր մահով ինքը շատ բան փոխեց բոլորիս կյանքում։ Բոլորն այս օրերին լացում են, բայց Արամը այնքան խիտ ու այնքան լի կյանք ապրեց այս 18 տարիների ընթացքում, որ մենք մեր ժամանակը չենք վատնում լացելու վրա, փոխարենը  նստում ու վերհիշում ենք Արամի մասին պատմությունները»,-եզրափակեց Նորայր Խաչատրյանը։

Զվարթ Պետրոսյան

 

Աղբյուրը՝ Lurer.com